Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՏԱՑ-ի 5.5 տոկոս աճին նպաստել են արդյունաբերությունը, ծառայությունները, շինարարությունը և գյուղատնտեսությունը

ՏԱՑ-ի 5.5 տոկոս աճին նպաստել են արդյունաբերությունը, ծառայությունները, 
շինարարությունը և գյուղատնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2016թ. փետրվարի 22-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` 2016 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 105.5%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են. արդյունաբերությունը` աճի տեմպը կազմել է 115.7%, ծառայությունները` աճի տեմպը կազմել է 105.1%, շինարարությունը` 105.1% և գյուղատնտեսությունը` 101.5%: Առևտրի շրջանառության աճի տեմպերը կազմել են 97.3%:

Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ զգալի աճ է արձանագրվել շինարարության ոլորտում (5.1%): Տնտեսական ակտիվության ցուցանիշի, մասնավորապես շինարարության և արդյունաբերության աճերին դրական է նպաստել նաև 2015թ. ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների աճը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերոնշյալ դրական ցուցանիշները արձանագրվել են խիստ անբարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում (պղնձի համաշխարհային գների անկում, տրանսֆերտների նվազում, Ռուսաստանի տնտեսության անկում և դրանից բխող հետևանքներ և այլն):

Ընդհանուր առմամբ, 2016թ. հունվար ամսվա դրական միտումները պայմանավորված են նախորդ ժամանակաշրջանում վերը նշված, ինչպես նաև տնտեսության դիֆերսիֆիկացմանը և ՓՄՁ զարգացմանն ուղղված աշխատանքներով և դրված հիմքերով, հատկապես արդյունաբերության ոլորտում: Այսպես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է (անվանական աճ) գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 129.4%, էներգետիկայի ոլորտում` 116.9%, իսկ մշակող արդյունաբերությունում` 100.4%:

Հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում (2015թ. հունվարի համեմատությամբ 2016թ. պղնձի գները նվազել են 20.4%-ով, իսկ մոլիբդենինը` 41.7%-ով):

Հանքագործական արդյունաբերության աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մի շարք ընկերություններ, որոնք 2015թ. 4-րդ եռամսյակում իրականացնում էին վերանորոգման աշխատանքներ (արտադրական գործընթացը կասեցվել էր) և պաշարների գնահատման աշխատանքներ, արդեն սկսել են արտադրանքի թողարկումը, միաժամանակ շահագործման մեջ են դրվել նոր արտադրական հզորություններ:

Մշակող արդյունաբերության ենթաճյուղերից աճի տեմպ է գրանցվել հետևյալ ճյուղերում. «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` 3.6 անգամ, «Ծխախոտե արտադրատեսակների արտադրությունում»` 2.2 անգամ, «Հագուստի արտադրությունում»` 168.3%, «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունում»` 157.8%, «Մեքենաների և սարքավորանքի արտադրություն` չներառված ուրիշ խմբավորումներում»` 127.4%, «Խմիչքների արտադրությունում» աճի տեմպը` 121.9%, «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` 106.4%, «Դեղագործական արտադրանքի արտադրությունում»` 104.6%: Աճ գրանցած ենթաճյուղերի տեսակարար կշիռը մշակող արդյունաբերությունում կազմում է 50.2%: Ընդ որում վերը նշված բոլոր ենթաճյուղերի արտադրանքի արտահանման գծով գրանցվել են աճեր ինչպես դեպի ԱՊՀ, այնպես էլ դեպի այլ երկրներ, նաև ընդլայնվել է վերջիններիս աշխարհագրությունը:

Չնայած որ անկում է արձանագրվել «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադ¬րությունում» և «Սննդամթերքի արտադրությունում», սակայն այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ աճել է 2.7 անգամ, իսկ սննդի արտադրանքինը դեպի ԱՊՀ աճել է 30.6% և այլ երկրներ` 48.1%: Ադամանդների արտահանումը դեպի այլ երկրներ աճել է 25.0%-ով:

Հարկ է նշել նաև, որ նվազում գրանցած ենթաճյուղերի ցուցանիշների վրա իր ազդեցությունն է ունեցել նաև գների նվազումը: Մասնավորապես, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մոնիտորինգի տվյալների (բնեղեն արտահայտությամբ), աճ է գրանցվել հետևյալ ճյուղերում.

– այլ ոչ մետաղական հանքային արտադրության ենթաճյուղի արտադրատեսակներից ջրային հիմքով ներկերի գծով` 1.7%, սվաղի, լցանյութերի գծով` 68.4%, բետոնե բլոկների` 0.3%,

– հիմնային մետաղներ արտադրության ենթաճյուղի արտադրատեսակներից մաքուր մոլիբդեն` 4.9 անգամ, կոնվերտերային պղինձ` 2.3 անգամ, ամրանների` 2.0 անգամ,

– ոսկերչական զարդերի արտադրություն` ձեռքի ժամացույցներ` 2.9 անգամ, իսկ ադամանդներինը` 2.4 անգամ:

Արդյունաբերության ոլորտի նշված դրական արդյունքները պայմանավորված են նաև 2015 թվականի ընթացքում իրականացված արդյունաբերության քաղաքականության ներքո իրականացված միջոցառումների արդյունավետությամբ:

2015թ. պետական աջակցության ծրագրի շրջանակներում մասնակի սուբսիդավորվել են 16 ընկերության վարկերի տոկոսադրույքներ, բավարարվել է ստացած սերտիֆիկատների, կենսահամարժեքության փորձաքննության, որակի կառավարման համակարգերի ներդրման համար ծախսերի համաֆինանսավորման գծով 8 կազմակեր¬պության 12 հայտ: Կայացել են «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» և «Yerevan Show» 5-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսները:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի` մաքսատուրքի ազատման և ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունների շրջանակում աջակցություն են ստացել 13 ընկերություններ:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար ամսին կազմել է 242.4 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 13.8 տոկոսով: Արտահանումը կազմել է 89.2 մլն դոլար, կազմելով 105.6%, իսկ ներմուծումը` 153.2 մլն դոլար, կազմելով 77.8%:

Հատկանշական է, որ, չնայած ձևավորված անբարենպաստ արտաքին միջավայրի, առաջին անգամ շուրջ մեկ տարվա ընթացքում գրանցվել է արտահանման աճ: Որպես համեմատություն` 2015թ. հունվար ամսին նախորդ տարվա նկատմամբ արտահանման ծավալները նվազել էին 11.9 տոկոսով, իսկ 2014թ. հունվարին 2013թ. նկատմամբ ցուցանիշը մնացել էր անփոփոխ: Նշենք, որ միաժամանակ ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության և ներմուծման ծավալների նվազմանը, ապա դրանք հիմնականում պայմանավորված են համաշխարհային շուկայում գների անկմամբ և տրանսֆերտների նվազմամբ պայմանավորված առևտրի ծավալների կրճատմամբ: Արդյունքում բարելավվել է նաև առևտրային հաշվեկշիռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am