Նախագահն այսօր կխոսի Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին. Վլադիմիր Հակոբյան
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա տեղեկացրել է, որ Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։
- Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
- Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում:
- Այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:
- Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում