Հայաստանն ու Հունաստանը կկնքեն ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր
1 րոպեի ընթերցում
![Հայաստանն ու Հունաստանը կկնքեն ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/02/835370.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքմանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ կողմերի միջև համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ: «Մասնավորապես, նախատեսվում է զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն,զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում,ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտությունների իրականացում և զարգացում»,- ասաց նա:
Համաձայնագրի ներքո համատեղ ստեղծված աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքը,սարքավորումների հասանելիության հարցը երրորդ պետություններին կարգավորվում է առանձին համաձայնագրերով` երկու երկրների համաձայնությամբ:
Համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացման նպատակով կողմերը ստեղծելու են հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով: