Երևանում գիտության և մշակույթի երախտավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակներ կտեղադրվեն
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ անվանի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի ավագանու հավանությանն են արժանացել նաև միջնադարի հայ գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի գլխավոր մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի, ականավոր պատմաբան, ակադեմիկոս և քարտեզագիր Սուրեն Երեմյանի, լուսանկարիչ Գաբրիել Խանոյանի, ականավոր պատմաբան, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի և քանդակագործ Խաչատուր Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշում է կայացրել «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը տրամադրված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում