ՀՅԴ-ի հետ համագործակցությունը կարող է լինել և երկարաժամկետ, և կարճաժամկետ. Գագիկ Մինասյան
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի միջև համագործակցության ֆորմատը դեռևս հայտնի չէ, այն պարզ կդառնա առաջիկա քննարկումների արդյունքում: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Քննարկումները դեռևս շարունակվում են: Կարծում եմ` դեռևս չարժե խոսել այն բանի մասին, թե ինչպիսի համագործակցություն կլինի: Կարծում եմ` ՀՅԴ-ի հետ համագործակցությունը կարող է լինել և երկարաժմկետ, և կարճաժամկետ, ինչը պարզ կլինի առաջիկայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մինասյանը` չմանրամասնելով, թե քննարկումներն ինչ ուղղությամբ են ընթանում` պորտֆելները բաժանելու տեսակետից:
Միաժամանակ, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում մինչ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները մաս կազմել կոալիցիոն կառավարության, Մինասյանը նշեց. «Հարգում եմ նրա դիրքորոշումն ու տեսակետը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում