Հասարակական

Հերոսաբար զոհված Ազատ Ասոյանի եղբայրները հուզեցին բանակի տոնին նվիրված համերգի հանդիսատեսին

2 րոպեի ընթերցում

Հերոսաբար զոհված Ազատ Ասոյանի եղբայրները հուզեցին բանակի տոնին նվիրված համերգի հանդիսատեսին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված համերգը լի էր հայրենասիրական ոգով, հուզիչ, բայցև խրոխտ ելևէջներով: Երգիչ Ռազմիկ Ամյանը, երբ հանդիսատեսին ներկայացրեց օրորոցային երգ` նվիրված հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված Ազատ Ասոյանին և նրա եղբայր 6-ամսական Նարեկին, բեմահարթակ բարձրացան Ազատի երկու կրտսեր եղբայրները` Սարո և Նարեկ Ասոյանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կոկորդում հազիվ զսպելով հուզմունքը` ապագա զինվոր Սարո Ասոյանը խոսեց մանկության իր սովորության մասին, որն այսօր ավելի քան ցանկալի գործողություն է: «Ես մանկուց ամեն առավոտ սովորության կարգով նայում էի մեր տան պատուհանից, գիտեք ինչու, որովհետև երևում է Եռաբլուրը: Հիմա առավել պարտավորված եմ նայում, այնտեղից մեզ Ազատն է հսկում»,-ասաց տղան: Սարո Ասոյանը նկատեց, որ ամիսներ հետո բանակ է գնալու, բայց տխրում է, որ Ազատն իրեն չի ճանապարհելու բանակ: «Բայց ոչինչ, տարիներ հետո Նարեկին էլ ես կճանապարհեմ և իմ, և Ազատի փոխարեն: Եվ համոզված եմ, որ Հայաստանն այդ ժամանակ խաղաղ ու անվտանգ է լինելու»,-նշեց Ազատ Ասոյանի եղբայրը: Դահլիճը հոտնկայս ծափահարեց Ազատի եղբայրներին:

2014 թ-ի հուլիսի 31-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Ազատ Արթուրի Ասոյանն ու Արարատ Վաչիկի Խանոյանը:

2015 թվականի հուլիսի 7-ին Ազատ Ասոյանի ընտանիքում համալրում եղավ, ծնվեց Նարեկ Ասոյանը:

Լուսանկարը Սարո Ասոյանի ֆեյսբուքյան էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում