Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Շատ եվրոպական պետություններ ձև են անում, թե տեղյակ չեն Ադրբեջանում իրավիճակի մասին. El Confidencial

Շատ եվրոպական պետություններ ձև են անում, թե տեղյակ չեն Ադրբեջանում իրավիճակի 
մասին. El Confidencial

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական հեղինակավոր El Confidencial թերթը հրապարակել է «Խավիարային քաղաքականության վե՞րջը» հոդված, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի ներկայիս տնտեսական և քաղաքական իրավիճակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ Դանիել Իրիարտեի հեղինակած հոդվածի առաջին մասը վերաբերում է նավթի գների անկման հետևանքով նավթից խիստ կախում ունեցող ադրբեջանական տնտեսության կրած վնասներին, ինչպես նաև՝ ադրբեջանական «մանաթ»-ի  կտրուկ արժեզրկմանը: Հեղինակը նշում է, որ ադրբեջանական տնտեսության մուտքերի իննսուն տոկոսը կախված է նավթագազային արդյունաբերությունից: Արդյունքում՝ նավթի գնի չբարձրացման պայմաններում, 2016 թվականին կավելանա Ալիևի ռեժիմի անվստահությունն իր ուժերի նկատմամբ, և հնարավոր է, որ առավել անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերվի ցանկացած տեսակի ընդդիմության կամ ներքին քննադատության նկատմամբ:

Ըստ հեղինակի տվյալների, տնտեսական պայմանների վատթարացման հետևանքով, Ադրբեջանը նախատեսում է փակել իր դեսպանությունները և առևտրային գրասենյակները Կոլումբիայում, Ուրուգվայում և Կուբայում, ինչպես նաև պատվո հյուպատոսությունները Ջենովայում, Բրատիսլավայում, Սանտա Ֆեում և Խարկովում: Նաև, անորոշ ժամանակով, հետաձգվել է դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Թայլանդում, Աֆղանստանում, Իրաքում և Օմանում:

Հոդվածագրի համոզմամբ՝ տնտեսական դեֆիցիտը կարող է նաև մեծ ազդեցություն ունենալ «խավիարային դիվանագիտության» վրա, այլ կերպ ասած՝ հանրային հարաբերություններում (PR) նավթադոլարների այն ահռելի ներդրումը, որն իրականացնում է Իլհամ Ալիևի ռեժիմն իր իմիջը «մաքրելու» համար, որն ըստ բազում աղբյուրների, ինչպիսիք են օրինակ՝ Transparency International-ը և Human Rights Watch-ը, համարվում է աշխարհում ամենակոռումպացվածներից և ռեպրեսիվներից մեկը:

Հոդվածի երկրորդ մասի համաձայն, այդուհանդերձ, Ադրբեջանի PR քարոզարշավներն արձանագրել են որոշ հաջողություններ, ինչպիսիք են, ասենք, Եվրատեսիլ 2012-ը, կամ անցած ամառվա եվրոպական խաղերը: Սակայն, որպեսզի խուսափի երկրի վիճակի մասին «անհարմար»  գնահատականներից, Ալիևի ռեժիմն արգելել էր Amnesty International-ի ներկայացուցիչների և The Guardian-ի թղթակիցների մուտքն Ադրբեջան: Այս տարի Բաքուն կփորձի կրկնել իր «հաջողությունները»՝ հյուրընկալելով  «Ֆորմուլա 1»-ի եվրոպական Gran Prix-ն:

Միայն ԱՄՆ-ում նախորդ մի քանի տարիների ընթացքում, PR նպատակներով,   ադրբեջանական կառավարությունը ծախսել է միլիոնավոր դոլլարներ: Այդ ամենը կարգավորում է հիմնականում «Ադրբեջան-Ամերիկա ալիանս»-ը, որը, թեպետ, համարվում է նոմինալ անկախ մարմին, սակայն բոլորի համար պարզ է, որ այն գործնականում գործում է, որպես  Ալիևի ռեժիմի լոբբիստ: Նմանատիպ մի կազմակերպություն է Ադրբեջանի եվրոպական միությունը, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Այս երկու կազմակերպությունները ղեկավարվում են, համապատասխանաբար,  Անար Մամմադովի և Տալե Հեյդարովի կողմից: Վերջիններս հանդիսանում են տրանսպորտի նախարարի և արտակարգ իրավիճակների նախարարների զավակները: Համաձայն Բաքվում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական խողովակների տվյալների, որոնք հայտնվել են «Վիքիլիքս»-ում, «այս կազմակերպությունները ներկայանում են որպես պրոմոցիայով զբաղվող անկախ խմբեր, սակայն այն կետերը, որոնք նրանք առաջ են մղում, հիմնականում և մեծապես արտացոլում են Ադրբեջանի կառավարության նպատակները և շահերը»:

Ադրբեջանցի պաշտոնյաները հենց իրենք այս քաղաքականությունն անվանում են «խավիարային դիվանագիտության»: Այն իրականացվում է նվերների, «մատուցած ծառայությունների դիմաց վճարումների», ինչպես նաև ձկնկիթների, մետաքսե գորգերի, ոսկե և արծաթե իրերի, խմիչքների, կամ պարզապես՝ փողի նվիրատվության տեսքով:

Վերոնշյալ եզրույթը, ինչքան էլ որ զարմանալի է,  կիրառելի է նաև Եվրոպայի Խորհրդի դեպքում, որի որոշ անդամների դիրքորոշումները տարօրինակ կերպով համընկնում են պաշտոնական Բաքվի տեսակետներին, իսկ որոշ դեպքերում էլ, նրանք՝ դառնում են այդ տեսակետների տարածողն ու պաշտպանը:

Հոդվածը եզրափակվում է Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումների և քաղաքական ձերբակալումների հանգամանալից նկարագրով: Հոդվածագիրը ամփոփում է, որ չնայած այս ամենին, շատ եվրոպական պետություններ ձև են անում թե տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, եզրակացնելով, որ դրա միակ պատճառն այն է, որ իրականում այսօր ոչ ոք չի ուզում նոր ճգնաժամ, նոր լարվածություն, կամ նոր Լիբիա, Սիարիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am