Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սահմանադրական բարեփոխումները կարևոր են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար. Արծվիկ Մինասյան

Սահմանադրական բարեփոխումները կարևոր են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու 
համար. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխումները կարևոր են պետության և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Կոտայքի մարզի նոր Հաճն համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ես «Դաշնակցություն» կուսակցության անդամ եմ, և մենք, դեռևս 1990-ականներից սկսած, կողմ ենք արտահայտվել խորհրդարանական կառավարման ձևին, որովհետև համարում ենք, որ երկիրը կարող է առաջ գնալ, երբ ՀՀ քաղաքացիները հավաքվեն միասին և կարողանան միասնական որոշում կայացնել, ոչ թե թողնել մեկ անձի վրա և նրանից պահանջել ամեն ինչ: Սրա արդյունքում, այդ մեկ անձը սկսում է սպասարկել իր շրջապատի շահերը, իսկ ժողովրդին, ընտրողներին կծառայեցնի միայն իր անընդհատ վերարտադրության համար: Խորհրդարանական կառավարման ժամանակ այդպես չի լինի, որովհետև այդ դեպքում արդեն կուսակցությունները պետք է ներկայացնեն ծրագրեր, պետք է ունենան թիմ, որին դուք պետք է վստահություն հայտնեք: Եվ այդ թիմերի պայքարի արդյունքում կձևավորվի Ազգային ժողովը, որտեղ այդ բոլոր թիմերի խելացիները կկարողանան ընտրել կառավարություն, որը հետո կգա հաշվետվություն կներկայացնի իր արած քայլերի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամ՝ մանրամասնեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ այս տեսանկյունից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը ՀՅԴ-ի համար միշտ սկզբունքային հարց է եղել: Նա նաև վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն իշխանությունների վերարտադրմանը, ինչի մասին այդքան շատ խոսում են բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը: «Ցանկացած իշխանություն ցանկանում է մնալ իշխանության, բայց նաև ցանկացած իշխանություն զգում է պատասխանատվություն, և եթե այդ պատասխանատվության արդյունքում ինքը կարող է ընդհանրապես հեռանալ քաղաքական ասպարեզից, հարկավոր է ունենալ այնպիսի համակարգ, որ նրանց հեռանալուց հետո այդ ամենը չփլվի իրենց ու ժողովրդի գլխին: Օրինակ, այս փոփոխությունների արդյունքում  մենք 2017թ. ընտրություններում այլևս չենք ունենա մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, ինչը նշանակում է, որ ի սկզբանե բոլոր կուսակցությունները խորհրդարանում տեղերի առումով կունենան հավասար նարավորություններ»,- հավելեց Մինասյանը:

Նա հստակեցրեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո պետք է ընդունվի նաև կուսակցությունների մասին նոր օրենք, ինչպես նաև՝ ընտրական օրենսգիրք: «Այդ փոփոխություններով մենք պետք է ուժեղացնենք կուսակցություններին: Այսօր կուսակցությունների մեծ մասը ֆինանսավորվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից, բայց ոչ երբեք անկախ ֆինանսավորմամբ: Արդյունքում այդ կուսակցությունները սպասարկում են այս կամ այն օլիգարխի շահերը, մինչդեռ, եթե կուսակցությունը ֆինանսավորվի նաև պետական բյուջեից, պարտավոր է լինելու նաև հանրությանը ծառայություն մատուցել»,- ասաց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանն արձանագրում է, որ գործող Սահմանադրությամբ ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար պատասխանատու չկա, իսկ ահա առաջարկվող փոփոխություններով ազատ ընտրությունների համար պատասխանատու կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պարտավորվում է բոլոր տեղերում ապահովել նորմալ, արդար ընտրություններ, իսկ հակառակ դեպքում՝ ինքն է պատասխանատվություն կրելու:

Եզրափակելով խոսքը՝ պատգամավորը վստահեցրեց հավաքվածներին, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքացիների տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային իրավունքների իրացման իրական հնարավորություններ են ստեղծվելու: «Օրինակ, սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում իրականացվելու է հակամենաշնորհային քաղաքականություն: Այսինքն, ավելի պետք է ուժեղացվի մենաշնորհների դեմ պայքարը, որը հնարավորություն կտա, որպեսզի տնտեսությունն ազատվի առանձին օլիգարխներից, տնտեսության մեջ նախաձեռնողականություն ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան գործունեություն ծավալել: Սահմանադրական բարեփոխումների կարևոր փոփոխություններից է հայ ընտանիքի պաշտպանությունը: Առաջին անգամ Սահմանադրության մակարդակով գրվում է, որ հայկական ընտանիքն է պաշտպանվում, ինչը նշանակում է, որ պայքար է գնալու միասեռական ընտանիքների դեմ, որը դրսից փորձում են Հայաստան ներմուծել: Առաջարկվող փոփոխություններով պետությունը պարտավորություն ՝է ստանձնում իրականացնել հայրենադարձության քաղաքականություն: Եթե մենք կարողանանք դեկտեմբերի 6-ին անցկացնել այս բարեփոխումները, մենք կկարողանանք միասին կյանքի կոչել դրանք: Մենք մի ազգ ենք, պետք է լինենք միասնական, որպեսզի կարողանանք հաղցթահարել ստեղծված իրավիճակը: Մենք բոլորս ենք փոսի մեջ և պետք է կարողանանք միասին դուրս գալ այդ փոսից»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am