Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանի բնակչության 2-3 տոկոսը խրոնիկ հեպատիտ B և մոտ 4 տոկոսը հեպատիտ C վիրուսակիր է

Հայաստանի բնակչության 2-3 տոկոսը խրոնիկ հեպատիտ B և մոտ 4 տոկոսը հեպատիտ C 
վիրուսակիր է

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը հեպատիտ B-ի և C-ի առումով համարվում է միջին տարածվածության գոտի։ Հայաստանի բնակչության 2-3 տոկոսն ունի խրոնիկ հեպատիտ B վիրուսակրություն և մոտ 4 տոկոսը՝ խրոնիկ հեպատիտ C վիրուսակրություն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտման եվրոպական նախաձեռնության շրջանակներում անցկացրել է «Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» խորագրով ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Նարինե Մեժլումյանը տեղեկացնում է, որ Եվրոպայում արդեն մի քանի տարի հայտարարվում է ՄԻԱՎ-ի հետազոտման շաբաթ, որի նպատակն է՝ մարդկանց հասցնել այն ուղերձը, որ պետք է հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ, իմանալ կարգավիճակը, հնարավորինս կանխարգելել այն կամ, եթե վարակակիր ես, բուժում ստանալ և կյանքը երկարացնել։ Այս տարի եվրոպական նախաձեռնությունն իր տեղեկատվական արշավում ավելացրել են նաև հեպատիտները, քանի որ վարակված լինելու, սակայն այդ մասին չիմանալու վտանգ կա նաև հեպատիտների, հատկապես C-ի և B-ի դեպքում։ Սրանք այն հիվանդություններն են, որոնք, ըստ Նարինե Մեժլումյանի, եթե վաղ հայտնաբերվեն, կարող են բուժվել։ Հեպատիտ C-ն այսօր արդեն 90 տոկոս և ավելի դեպքերում հնարավոր է լիարժեքորեն բուժել, իսկ հեպատիտ B-ն, եթե խրոնիկ ձև ունի, չի բուժվում վերջնականորեն, սակայն համապատասխան բուժման միջոցով երկարացվում է կյանքը, և մարդը կարող է տասնյակ տարիներ ապրել՝ ավելի փոքր դարձնելով լյարդի ցերոզի և քաղցկեղի առաջացման ռիսկը։

Աշխարհում տարեկան 1,4 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցերոզից ու քաղցկեղից։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ շուրջ 240 միլիոն մարդ խրոնիկ վարակված է հեպատիտ B վիրուսով, 130-150 միլիոնը՝ հեպատիտ C-ով։ Տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 միլիոն նոր դեպք։ 

Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ին, ապա 2013-ին աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է մոտ 35 միլիոն, մահացել է մոտ 1,5 միլիոն ՁԻԱՀ-ով հիվանդ։ Հայաստանում իրավիճակը 1988թ. ի վեր, երբ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի առաջին դեպքը, մինչև 2015թ. հոկտեմբերի 31-ը 2194 ՄԻԱՎ դեպք է հայտնաբերված, որից 334-ը՝ 2015-ին։ 1988թ. առ այսօր 493 մահվան դեպք է ՀՀ-ում արձանագրվել, որոնց մեջ կան կանայք և երեխաներ։ Այս թվերը ստիպում են մտածել այն մասին, որ բնակչությանը պետք է իրազեկել, որպեսզի մարդիկ ժամանակին հետազոտվեն, իմանան հիվանդությունների կանխարգելման միջոցները, վարեն առողջ ապրելակերպ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Հետազոտվիր, բուժվիր և կանխարգելիր» ծրագրի շրջանակներում ՀԵՀ մարզային կենտրոնները նոյեմբերի 20-27-ը համապատասխան իրազեկման միջոցառումներ են անցկացրել բոլոր մարզերում, տեղերի կրթական հաստատություններում։ Հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքում։ Նարինե Մեժլումյանն ընդգծում է, որ Երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ տարին է եվրոպական նախաձեռնության շրջանակներում իրականացնում նման ծրագիր, ու նկատելի է, որ ՄԻԱՎ-ի մասին բնակչությունն ավելի շատ է տեղյակ, քան հեպատիտների։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am