Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը խոսում է փաստերով

Առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը խոսում է փաստերով

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը պատասխանել է Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացման, իրականացվող բացառիկ ծրագրերի ու արձանագրված արդյունքների մասին «Արմենպրես»-ի հարցերին:  

- Պարոն Զուլոյան, ծրագրերի իրականացման գրասենյակները երկար տարիներ է, ինչ տարբեր զարգացման ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Հայտնի է, որ երբեմն տարաբնույթ գնահատականներ են հնչում ծախսվող միջոցների արդյունավետության վերաբերյալ, վերջինը` որոշ պատգամավորների ելույթներն էին նոյեմբերի 24-ին Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում: Խնդրում եմ ներկայացնել Ձեր կարծիքը ԾԻԳ-երի գործունեության վերաբերյալ:

- Նախ և առաջ, կցանկանայի նշել, որ ծրագրերի իրականացման գրասենյակների ստեղծման նպատակն է եղել միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող բարեփոխումների և զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացումը: Առողջապահական ԾԻԳ-ի օրինակով կարող եմ ասել, որ այն ստեղծվել է 1997թ.-ին, երբ նախկին խորհրդային առողջապահական համակարգը քայքայվել էր, իսկ նորը դեռ չէր ձևավորվել: Ուստի, խիստ անհրաժեշտություն էր առաջացել արագ հաղթահարել անցումային դժվարությունները և վերականգնել բժշկական ծառայությունների մատչելիությունը` ապահովելով ազգաբնակչության բժշկական սպասարկումը, ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում, քանի որ առողջապահական ծառայությունների պահանջարկը կրում է մշտական բնույթ և չի կարող հետաձգվել:
Այդ տարիների ընթացքում մենք արձանագրել ենք էական ձեռքբերումներ, մասնավորապես՝ Հայաստանն առաջիններից է ԱՊՀ երկրների շրջանում, որտեղ հիմնադրվել է ընտանեկան բժշկության ինստիտուտը, և որը այսօր սպասարկում է երկրի ազգաբնակչության շուրջ 60 տոկոսը: Ծրագրերի շրջանակներում մասնագիտացել են շուրջ 3500 ընտանեկան բժիշկներ և բուժքույրեր: Մշակվել են ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների մատուցման 140-ից ավելի գործնական ուղեցույցեր: Կառուցվել, վերակառուցվել և հագեցվել են բժշկական սարքավորումների միօրինակ հավաքածուներով  170-ից ավելի համայքային բուժհաստատություններ:
-Լավ, իսկ ի՞նչ է կատարվել հիվանդանոցային ծառայությունների արդիականացման ուղղությամբ, քանի որ մամուլում, պարբերաբար, լուսաբանվում են անմխիթար վիճակում գտնվող հիվանդանոցներ, իսկ ազգաբնակչությունը դժգոհում է սպասարկման որակից:
- Ուշադրությունից զուրկ չի մնում նաև հիվանդանոցային օղակը: 2000-ական թվականների սկզբին, Երևան քաղաքում ստեղծվել են հիվանդանոցային համալիրներ, իսկ մարզային օղակում ամբողջությամբ վերակառուցվել են 12 բազմապրոֆիլային, երկրորդային մակարդակի բժշկական ծառայություններ մատուցող բուժ հաստատություններ և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում, առաջին անգամ կառուցվել են 2 նոր բժշկական կենտրոններ` Գյումրիում և Մեղրիում:
Վերոնշյալ բոլոր բժշկական կենտրոնները հագեցվել են արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Գյումրիում ստեղծվել է սրտային ինվազիվ թերապիայի մարզային առաջին բաժանմունքը: Արմավիրում և Գավառում հիմնադրվել են հեմոդիալիզի ծառայությունները: Ընդլայնվել են էնդոսկոպիկ վիրաբուժական միջամտություններ իրականացնելու հնարավորությունները: Արդյունքում` ստեղծվել են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք տեղում որակյալ, մատչելի և ժամանակակից ախտորոշիչ ու բուժական ծառայություններ են մատուցում շուրջ 800 հազար մարզային բնակչությանը` իրենց բնակավայրերին մոտ: Ընդգծեմ, որ սահմանափակ ռեսուրսների առկայության պարագայում` առաջնահերթ արդիականացման ենթակա բժշկական հաստատությունները որոշելիս, ՀՀ կառավարությունը հաշվի է առնում հիվանդանոցի սահմաներձ լինելը, հեռավորությունը Երևան քաղաքից, սպասարկվող բնակչության թվաքանակը և մարզում այլ արդիականացված կենտրոնների առկայությունը:
-Ի՞նչ ծրագրեր են իրականացվում ներկայում:
- Մինչ ընթացիկ ծրագրերին անդրադառնալը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Առողջապահական ԾԻԳ բոլոր նախկին տնօրեններին` Սուսաննա Հայրապետյանին, Սերգեյ Խաչատրյանին, Գուրգեն Դումանյանին, ինչպես նաև մեր թիմի անդամներին, որոնց արդյունավետ աշխատանքի և ստեղծած ներուժի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կյանքի կոչել ընթացիկ ծրագրերը:
Ներկայում, առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում, մենք իրականացնում ենք ազգաբնակչության համար անվճար զանգվածային սքրինինգային ծրագիր` ուղղված արգանդի պարանոցի քաղցկեղի, գերճնշման և շաքարային դիաբեթի վաղ հայտնաբերմանը: Ծրագրերի շահառու է հանդիսանում ՀՀ տարածքի 30-68 տարիքի ազգաբնակչությունը: Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է ՊԱՊ թեստի ավելի քան 40 հազար, արյան մեջ գլյուկոզի քաղցի շուրջ 155 հազար և  զարկերակային գերճնշման 220 հազար հետազոտություն:
Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ հորդորում եմ ակտիվորեն մասնակցել հետազոտություններին և կրկնում եմ, որ սքրինինգի շրջանակներում իրականացվող բոլոր հետազոտություններն անվճար են:
Այս պահին, ընթանում են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, որտեղ կտեղակայվի նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող` Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան:
Շարունակվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2016 թվականի առաջին կիսամյակում:
Մեկնարկել են նաև Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և Սևան քաղաքում նոր հիվանդանոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացները:
-Փաստորեն Առողջապահական ԾԻԳ-ի հիմնական գործառույթները մարզերում են, իսկ ինչպե՞ս է իրականացվում համագործակցությունը մարզային և ՏԻՄ կառույցների հետ և ավելի արդյունավետ չի լինի արդյոք միջոցները տրամադրել մարզերին:
- Սկզբունքորեն դեմ չլինելով մարզային և ՏԻՄ կառույցների անմիջական ընդգրկվածությունը ծրագրերի իրականացման գործընթացում ավելացնելու առաջարկին, պետք է նկատեմ, որ ցանկացած բարեփոխման կամ զարգացման ծրագրի իրականացումը պահանջում է լրջագույն մարդկային և գիտական ներուժ, քանի որ ԾԻԳ-երի կողմից իրականացվող ծրագրերը հաճախ նորարական և բացառիկ են մեր հանրապետության համար, և այն պոտենցյալը, որը եղել է խորհրդային տարիներին, ներկայում գրեթե ապառվել է, ինչպես նաև այդ տարիներին մշակված նորմատիվային փաստաթղթերը հնացել են և չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:
Առողջապահական ԾԻԳ-ի օրինակով նշեմ, որ վերոնշյալ Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան և  Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը գերժամանակակից կառույցներ են, որոնց ստեղծման փորձը մինչ այժմ չի եղել Հայաստանում:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում մարզային կառույցներում աշխատող անձանց որպես խորհրդատու ներգրավվելուն և, առհասարակ, խորհրդատվության անհրաժեշտությանը:
-Մեր բոլոր մարզային ծրագրերն իրականացնելիս մենք սերտորեն համագործակցում ենք, ինչպես մարզային և համայնքային կառույցների, այնպես էլ շահառուների հետ, որի հետևանքով ստանում ենք առավելագույն արդյունք: Ինչ վերաբերվում է խորհրդատվությանը, ապա դրա մեջ ներառված է, օրինակ նաև շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, հեղինակային և տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացումը, առանց որի օրենսդրությունն արգելում է իրականացնել շինարարություն:
- Ձեր կարծիքը պետության վարկային բեռի ավելացման վերաբերյալ:
- Ես կխոսեմ առողջապահական ծրագրերի վերաբերյալ: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է. չնայած նրան, որ առողջապահական կազմակերպությունների ենթակառուցվածքների որակի բարելավումը պայմանավորված է զգալի ներդրումներով, սակայն դրա չիրականացումը ավելի թանկ է նստում պետության վրա՝  վաղ մահացության, բարձր հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշների բարձրացման պատճառով: Ցավոք, մեր մարզերում դեռ կան քայքայված ենթակառուցվածքներով հիվանդանոցներ՝ հագեցած 30-35 տարվա մաշվածության սարքավորումներով: Ակնհայտ է, որ այդպիսի պայմաններում արդյունավետ բուժում չի կարող իրականացվել: Ուստի, եթե հիմա այդ ներդրումները չլինեն, ապա անհրաժեշտություն կառաջանա այն անելու հաջորդ սերունդների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am