Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԱԾ-ն զինված հանցախմբին վնասազերծել է ծրագրված հանցագործությունից մի քանի օր առաջ

ԱԱԾ-ն զինված հանցախմբին վնասազերծել է ծրագրված հանցագործությունից մի քանի օր առաջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զինված հանցախմբին կարողացել է վնասազերծել հանցագործության կատարումից օրեր առաջ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԱԾ Քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: Նրա խոսքով` խմբի կողմից վարձակալված առանձնատան վարձակալության ժամկետը մոտեցել էր ավարտին և օրեր անց գործելու էր խումբը` իրականացնելով իր մտադրությունը: «Գործողությունները, որոնք պետք է կատարվեին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և առանձնակի ցինիզմով էին լինելու: Մենք տեսնում ենք, որ խմբի հանցագործություններն ուղղված էին լինելու քաղաքացիների, քաղաքական հասարակական գործիչների, պետության առանձին ճյուղերի դեմ»,-ասաց Միքայել Համբարձումյանը:

Նա զուգահեռներ անցկացրեց 1999-ի հոկտեմբերի 27-ի և 2015-ի նոյեմբերի 25-ի դեպքերի միջև` նշելով, որ իրենք կանխարգելել են մեծ թվով մարդկանց կյանքի համար վտանգավոր հանցագործություններ: «Եթե զուգահեռ անցկացնենք Նաիրի Հունանյանի ու նրա հանցավոր խմբի անդամների կատարածի հետ, ապա այն դեպքում գործ ունեինք մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի ինքնաձիգերով, ապա պատկերացնում եք, թե ինչ տեղի կունենար այս դեպքում, եթե խմբին հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունը. գործադրվեին այդ զենքերը, պայթուցիկները, նռնակները»,-նշեց ԱԱԾ պաշտոնյան` ավելացնելով, որ մեծ հաջողություն կլիներ, եթե Նաիրի Հունանյանի խմբին հանցագործությունը կատարելուց  3 օր առաջ կարողանային բացահայտել: «Կարծում եմ` այն ժամանակ էլ չարախոսներ կհայտնվեին, ովքեր կասեին` երիտասարդ տղաներ են, ինչ էր նրանց արածը»,-հավելեց բանախոսը:

Հարցին ի պատասխան, թե որքան ժամանակ է խումբը եղել անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում` Միքայել Համբարձումյանը նշեց. «Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը  տարիներ առաջ ՀՀ-ից մեկնել է, բնակություն է հաստատել Իսպանիայում, ու որոշակի ժամանակահատվածը մեկ վերադարձել է Հայաստան: Ապրիլից հետո գտնվել է Հայաստանում, սկսվել է խմբի ձևավորման պրոցեսը ու այդ ժամանակից սկսած` խումբը հայտնվել է ԱԱԾ տեսադաշտում և այդ մարդիկ վերցվել են հսկողության տակ»:

Միքայել Համբարձումյանը նկատեց, որ մանրակրկիտ քննություն է կատարվում` պարզելու, թե որտեղից է ձեռք բերվել զենք-զինամթերքը: «Զինամթերքը խմբին չի բավարարել ու նրանք նույնիսկ միջոցներ են ձեռնարկել այլ աղբյուրներից նոր քանակությամբ զենքեր հայթայթելու ուղղությամբ: Պատրաստ են եղել դրա համար խոշոր գումարներ վճարել»,-ավելացրեց պաշտոնյան:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Ոստիկանության հետ խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում«մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության ևս 9 անդամներ, ովքեր ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդհոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am