Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարդուհի Վարդերեսյանը երբեք չի մոռացվի. երկրպագուներն ու ընկերները մասնակցեցին դերասանուհու հոգեհանգստին

Վարդուհի Վարդերեսյանը երբեք չի մոռացվի. երկրպագուներն ու ընկերները մասնակցեցին 
դերասանուհու հոգեհանգստին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը երբեք չի մոռացվի: Այս մասին սիրված դերասանուհու հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

«Իմ կյանքի լավագույն օրերը, շաբաթները Վարդուհու հետ են անցել: Շատ ենք միասին աշխատել: Անհանգիստ, խենթ, զարմանալի երևույթ էր նա: Նա աշխատում էր քրտնաջան` մինչև իր ցանկացած արդյունքին չհասներ: Հայ թատրոնը գլխատվեց: Էլ մարդ չկա, որին նայեն, թե ինչպես է քայլում, ինչ է խոսում, ասում. դժվար ժամանակներ եկան: Վստահ եմ, որ Սունդուկյանի անվան առասպելական թատրոնի կամարների տակ միշտ կլինի նրա խենթ ներկայությունը »,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Երվանդ Ղազանչյանը:  

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հուշերում Վարդուհի Վարդերեսյանն ամենաաշխատասեր դերասանուհիներից էր:

«Տիկին Վարդուհու շնորհը չափ ու սահման չուներ: Աստված ինձ մեծ երջանկություն պարգևեց. վերջին 15 տարիներին տիկին Վարդուհու ստեղծագործական կենսագրությունն առնչվում էր իմ բեմական գործունեության հետ»,-նշեց նա:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի խոսքով` Վարդուհի Վարդերեսյանն իր փառավոր տեղը գտավ հայոց թատրոնում և մշակույթում:

«Ես նրա խաղընկերն եմ եղել, իմ մի քանի բեմադրություններում տիկին Վարդուհին հրաշալի դերեր է խաղացել: Հուսով եմ, որ վերջին մոհիկանը այն աշխարհում իր արժանի տեղը կգտնի: Աստված հոգին լուսավորի»,-նշեց նա:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Հոգեհանգստի արարողությանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցին դերասանուհու երկրպագուները, ընկերներն ու գործընկերները: Արարողությանը ներկա գտնվեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, ինչպես նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ Վարդուհի Վարդերեսյանը մահը մեծ կորուստ է: «Ցավում եմ, ցավակցում եմ բոլորիս, Վարդուհի Վարդերեսյանի հարազատներին, մեր քաղաքացիներին»,-նշեց քաղաքապետը:

Վախճանվել է հայ թատրոնի վերջին մոհիկանը` ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանը:

Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։ 1947 թվականին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում։ 1958 թվականից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։ Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ՝ եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ 1985 թվականին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Վարդուհի Վարդերեսյանին վերջին անգամ հրաժեշտ կտան նոյեմբերի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև նրան կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am