Հասարակական

Գյումրիում գործողություններ են կատարվել Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամը»

2 րոպեի ընթերցում

Գյումրիում գործողություններ են կատարվել Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամը»

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում նոյեմբերի 25-ի երեկոյան հատուկ գործողություններ են իրականացվել` կապված նույն օրը Երևանում հանցավոր խմբի վնասազերծման հետ: ՀՀ ԱԱԾ-ի` նոյեմբերի 25-ի` «Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշվում էր, որ հանցավոր խմբի մոտ հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը: ԱԱԾ-ն գործողություններ է իրականցրել Գյումրու Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամ»-ի ստուդիան: Դեռ ամիսներ առաջ ռադիոկայանը հեռարձակել էր հարցազրույց «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, որտեղ նա խոսում է Քեսաբի ազատագրման մասին: Հայտնի է, որ Արթուր Վարդանյանն է նոյեմբերի 25-ին վնասազերծված խմբի պարագլուխը: Իսկ «Ռադիո Մարիամը» նույնը օրը երեկոյան դադարեցրել է իր հաղորդումների հեռարձակումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ղորղանյան 83-ին հարակից տարածքի բնակիչներից, տանը ողջ օրվա ընթացքում եղել են ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Որոշ տեղեկությունների համաձայն` տանից դուրս են բերվել համակարգիչներ, իսկ աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել:

Այս հասցեում են տեղակայված նաև «Ապագա Թեքնոլոջիս» ՓԲ ընկերությունը, որը հիմնադրվել է 2007թ. և առաջարկում է ՏՏ ծառայություններ, «Նարեկ» բարեգործական հիմնադրամը՝ Հայր Անտոն Թոթոնջյանի գլխավորությամբ: Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանն արդեն ավելի քան 11 տարի կրթական, բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանի հայ կաթողիկե համայնքներում այդ թվում ՝ Փանիկ, Ձիթհանքով, Արևիկ, Լանջիկ և Ազատան:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում