ԱԱԾ-ն և Ոստիկանությունն առայժմ ձեռնպահ են մնում Երևանում զինված խմբավորման վնասազերծման տեղեկությունը մեկնաբանելուց
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունն առայժմ ձեռնպահ են մնում Երևանում զինված խմբավորման վնասազերծման մասին տեղեկատվությունը մեկնաբանելուց: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԱԾ և ոստիկանության լրատվական ծառայությունները հաղորդեցին, որ դեպքի մասին կլինի պաշտոնական մեկնաբանություն:
Shamshyan.com կայքը հաղորդում է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ հանցագործություն` Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծելով մինչև ատամները զինված մի քանի անձանց: Հատուկ գործողությունը կատարվել է պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում