ԱՄՆ-ում նշում են, որ ռուսական ինքնաթիռը խփվել է Սիրիայի օդային տարածությունում. Reuters
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում այն կարծիքին են, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչը խփվել է Սիրիայի օդային տարածությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
Միացյալ Նահանգները կարծում է, որ ռուսական ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում՝ Թուրքիայի օդային տարածություն կարճատեւ մուտքից հետո, գործակալությունը մեջբերել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում իր աղբյուրի խոսքը:
Նրա տվյալներով՝ այդ դիրքորոշումը «հիմնված է ինքնաթիռի վրա հայտնաբերված ջերմային հետքի վրա»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բարաք Օբաման եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի շուրջ:
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պաշտպանում են իր ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը: «Նախագահ Էրդողանը եւ նախագահ Օբաման հայտնել են, որ համակարծիք են պատահածի կրկնվելը թույլ չտալու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության եւ լարվածության նվազեցման կարեւորության հարցում»,- հաղորդել է Թուրքիայի նախագահի դիվանատունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում