Հայաստանում Իրանի դեսպանը երկկողմ կապերի զարգացման գործում կարևորում է նաև միջկրոնական երկխոսությունը
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է վերջինիս նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունաշատ գործունեություն:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին, երկու երկրների ներկայիս համագործակցությանը: Հայոց Հովվապետը, մասնավորապես, շեշտել է հոգևոր և մշակութային ոլորտներում առկա գործակցության առավել ամրապնդման անհրաժեշտությունը, կարևորել է փոխայցելությունները:
Գոհունակություն հայտնելով իրանահայ համայնքի հանդեպ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության կապակցությամբ` Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև բարձր է գնահատել հայկական մշակութային արժեքների ու սրբությունների նկատմամբ դրսևորվող հոգածու վերաբերմունքը:
Իր հերթին Սեյեդ Քազեմ Սաջադին ուրախություն է հայտնել ՀՀ-ում իր առաքելությունն իրականացնելու համար: Անդրադառնալով իր առաջիկա անելիքներին` դեսպանը երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում կարևորել է նաև միջկրոնական երկխոսությունը:
Զրույցի ընթացքում խոսվել է Մայր Աթոռի և դեսպանատան միջև ձևավորված ջերմ գործակցության մասին, քննարկվել են երկու ժողովուրդների հոգևոր ու բարոյական արժեքների զորացմանը, նրանց առջև ծառացած զանազան մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ տարբեր կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում