Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենքի նախագծի առավելություններն ու բացթողումները

Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենքի նախագծի առավելություններն 
ու բացթողումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործում է 123 թանգարան, որոնցից 54-ը՝ Երևանում, սակայն մինչ այժմ երկրում բացակայում է թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենսդրական փաստաթուղթը: Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ, հանրապետության տարբեր մարզերի, համայնքների թանգարանների տնօրեններին ներկայացրեցին «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագծի վերամշակված տարբերակը:

Բաց երկնքի տակ թանգարան համարվող Հայաստանի Հանրապետւթյան տարածքում գործող թանգարանների աշխատանքը վերջապես սահմանող օրենքի նախագծի նկատմամբ տարբեր թանգարանների ղեկավարները ունեն տարատեսակ ակնկալիքներ:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը համայնքային է և ենթակա է Երևանի քաղաքապետարանին: Թանգարանի տնօրենի տեղակալ Արաքսի Մեշինյանը «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագծին լավ ծանոթ է և համարում է, որ այն անհրաժեշտ է վերանվանել «ՀՀ թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին» օրենքի, քանի որ առաջնային տարբերակում տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում թանգարանները և թանգարանային ֆոնդերն իրարից առանձին են:

«Սակայն ընդհանուր առմամբ համոզված եմ, որ հետագայում օրենքի այս տարբերակի ընդունման դեպքում շատ կհեշտանա Հայաստանում գործող թանգարանների աշխատանքը: Ներկա պահին, օրենսդրական բացից բխող խնդիրներից է թանգարանի նմուշների արտահանումը: Երբ թանգարանի նմուշները արտահանում են արտերկրում ցուցադրության համար, դրանք ենթակա են պարտադիր ապահովագրման: Մենք դեպք ենք ունեցել, երբ խոշոր ցուցադրության համար նմուշների արտահանման արդյունքում, վերադարձի ճանապարհին, վնասվել էր իրերից մեկը, սակայն թանկարժեք ապահովագրությունը հրաժարվեց փոխհատուցել մեր կորուստը: Համոզված եմ, որ օրենքի առկայության դեպքում խնդրի լուծումն այլ կլիներ», - ասաց Արաքսի Մեշինյանը:

Խոսելով թանգարանների գործունեությունը սահմանող օրենքի անհրաժեշտության և հուշարձանների մասին օրենքի փոխհամակցվածության անհրաժեշտության մասին` Արաքսի Մեշինյանն ասաց, որ երբ հուշարձանը պեղվում է, գտածոները հնագետը պետք է հանձնի թանգարան:  Նրա կարծիքով, օրենքում պետք է ամրագրված լինի այն փաստը, որ պեղումներից հետո երեք տարվա ընթացքում հնագետը պարտավոր է հանձնել գտածոն թանգարանին:

Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է դեռևս  1930 թ., սակայն մոտ երեսուն տարի օրեցօր ավելացող ցուցանմուշներ ունեցող թանգարանը անհասանելի է այցելուների համար: Թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը ուրախ է, որ մոտ ապագայում վերջապես կհայտնվի թանգարանների աշխատանքը սահմանող մի օրենք:

«Օրենքի նախագծի այս տարբերակը կատարյալ չէ, սակայն այն թույլ կտա ոչ միայն սահմանել թանգարանների կարգավիճակները, այլ նաև վերջնական պատասխան կտա այս ոլորտին վերաբերող բավականին շատ հարցերի: Օրինագիծը կարևորում եմ նաև այն առումով, որ այն ոչ միայն վեևաբերում է թանգարաններին, այլ նաև թանգարանային ֆոնդերին, ինչը կնպաստի ֆոնդերի ձևավորմանն ու պահպանմանը: Այստեղ հստակ նշվում է, որ անկախ հանգամանքից, հանրապետության թանգարանային ֆոնդը գործարքի ենթակա չէ, և սա մեծ առաջընթաց է», - ասաց Համազասպ Խաչատրյանը:

Օրենքի նախագծում սահմանում են թանգարանների սեփականության երեք տեսակներ. պետական, համայնքային և մասնավոր: Հայաստանում ներկա պահին գոյություն ունի մոտ հինգ թանգարան, սակայն դրանցից մեկի՝ Հարություն Կալենցի թանգարանի տնօրեն Լարիսա Կատասանովայի կարծիքով օրենքի նախագիծը առկա տարբերակով թերի է մասնավոր թանգարանների աշխատանքին և զարգացմանը նպաստելու առումով:

«Օրենքի նախագիծը մեզ համար անընդունելի է: Այն ավելի շատ պետական թանգարանների համար մշակված օրենք է, որը շատ քիչ է առնչվում մասնավոր թանգարանների խնդիրներին: Թանգարանի զարգացման ոլորտում  օրենքից ակնկալիք ունենալը սխալ եմ համարում, սակայն այն չպետք է խանգարի թանգարանի աշխատանքին: Օրենքի նախագիծը ինքնին ոչնչով չի խանգարի թանգարանի գործունեությանը, սակայն օրենքի նախագծում թանգարաններին ներկայացված պահանջները անընդունելի են մասնավոր թանգարանների համար, քանի որ հաշվի առնված չեն մի շարք հանգամանքներ», - ասաց Լարիսա Կատասանովան:

«Կալենց» թանգարանը ներկայացում է Արմինե և Հարություն Կալենցների արվեստը: Թանգարանի տնօրենը հավելեց, որ «Կալենց» թանգարանի ցուցանմուշները հիմնված են երկու մասնավոր հավաքածուների վրա, որոնցից մեկի օտարերկրյա քաղաքացի սեփականատերը ենթարկվում է այլ երկրի օրենքներին և բարի կամքի շնորհիվ իր հավաքածուի կեսը չի արտահանել Հայաստանից, որպեսզի այն հասանելի լինի Հայաստանում: Սակայն «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի ներկա տարբերակի համաձայն` սեփականատերը զրկվում է իրեն պատկանող սեփականությունը տնօրինելու իրավունքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am