ԶԼՄ-ները հայտնել են Իրանին ռուսական С-300 համալիրների փոխանցման մեկնարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանին ռուսական զենիթահրթիռային С-300 համալիրների փոխանցման գործընթացն արդեն սկսվել է: Այս մասին նոյեմբերի 23-ին հաղորդել է Իրանի «Թասնիմ» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահիին:
«Իրանը և Ռուսատանը ստորագրել են նոր գործարք, և С-300 համալիրների փոխանցման գործընթացն արդեն սկսվել է»,- տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:
Մոսկվան ու Թեհրանը С-300ՊՄՈՒ1 համակարգի 5 դիվիզիոնների մատակարարման գործարքը կնքել էին 2007 թվականին: 2010 թվականին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Իրանին ծանր սպառազինության վաճառքի կամ փոխանցման արգելքի մասին բանաձևը, ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևն արգելեց Իրանին ժամանակակից սպառազինության մատակարարումը: Գործարքը չեղարկվել էր, և Թեհրանին վերադարձրել էին կանխավճարը, իսկ Իրանի զինվորականների համար նախատեսված զենիթահրթիռային համակարգերն ուտիլիզացվել էին:
Ի պատասխան, Իրանը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի դեմ մոտ 4 մլրդ ԱՄՆ դոլար գումարի հայց էր ներկայացրել: Ինչպես հոկտեմբերին պարզաբանել էր «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Անատոլի Իսայկինը, հայցը հետ է կանչվելու Ռուսաստանի կողմից բոլոր պարտավորությունների կատարումից անմիջապես հետո:
Այս տարվա նոյեմբերի 10-ին «Ռոստեխ» պետկորպորացիան հայտնել էր, որ Մոսկվան ու Թեհրանն ստորագրել են С-300 համալիրների մատակարարման մասին նոր գործարք:
«Կոմերսանտ»-ի տվյալներով` խոսքը С-399ՊՄՈՒ2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մասին էր, որոնք ավելի վաղ նախատեսված էին Սիրիայի համար, բայց այդ երկրին չէին փոխանցվել Իսրայելի խնդրանքով:
Պարբերականի տվյալներով` գործարքի գումարը կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Ըստ տեղեկությունների`Իրանը համալիրները կստանա մինչև այս տարվա վերջը:
Լուսանկարը` ТАСС
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում