Հասարակական

Տուլայի համայնքային առաջնորդը մանրամասներ է հաղորդում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից

3 րոպեի ընթերցում

Տուլայի համայնքային առաջնորդը մանրամասներ է հաղորդում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը չի բացառում, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի պատճառ կարող է դարձած լինել վարորդի հեռախոսը։«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշում է, որ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորները պատմել են, որ հեռախոսազանգի պատճառով վարորդը թեքվել է, որպեսզի հատակից վերցնի հեռախոսն ու կորցնելով կառավարումը բախվել է ճամփեզրին եւ շուռ եկել: Պապյանը շեշտում է, որ դա դեռեւս վարկած է, եւ պետք է սպասել մինչեւ ոստիկանությունը համապատասխան հետաքննություն անցկացնի:

Պապյանի խոսքով, տեղի հայերն օգնություն են ցուցաբերում տուժած հայրենակիցներին եւ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ խնդիրները լուծելու համար:«Նրանք տարբեր հիվանդանոցներում են գտնվում: Բոլորն էլ վախեցած են: Նրանցից շատերի վիճակն այնքան էլ լավ չի: Շատերի ոտքերն են կոտրվել, շատերի ձեռքերն են վնասվել: Նրանց հետ աշխատում են բժիշկներ, հոգեբաններ: Անձամբ ինձ մի քանի անգամ զանգել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա կարգադրել է, որ արվի հնարավոր ամեն ինչ` հարցերը լուծելու համար: Ներկա դրությամբ ժամանակավոր կացարանում կա 12 հոգի: Նրանք բոլորն էլ վախեցած են, անհանգստացած: Կա նաեւ մեքենա, և ցանկացած պահի, երբ նրանք ցանկանան, կվերադառնան Երեւան: Մենք հիմա հիվանդանոցից հիվանդանոց ենք անցնում, որպեսզի տեղեկանանք մեր հայրենակիցների առողջական վիճակի մասին»,- ասաց Ռաֆիկ Պապյանը` հավելելով, որ վթարի զոհերի թիվը 8-ն է:

Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից առայժմ հայտնի է միայն մեկի անունը` Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում