Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քվեբեկի ԱԺ նախագահը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի բնօրինակը հանձնել է Գալուստ Սահակյանին

Քվեբեկի ԱԺ նախագահը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի բնօրինակը 
հանձնել է Գալուստ Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ, որը հիմնված է ֆրանկոֆոն համընդհանուր արժեքների՝ լեզվամշակութային բազմազանության, ֆրանսերենի, ինչպես նաեւ խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խրախուսման եւ զարգացման վրա»:

ԱԺ նախագահը ընդգծել է, որ Հայաստանը եւ հայոց խորհրդարանը վերհաստատել են իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին, ինչպես նաեւ դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը՝ 2012 թվականին դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ապա 2014 թվականին՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոն ընտանիքին համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծում անդամ պետությունների համար քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում: Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ 2011-2014 թվականներին ՖԽՎ կողմից անցկացված ծրագրին՝ Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակիցների համար նախատեսված ֆրանսերենի դասընթացներին: Ծրագրի շնորհիվ ֆրանսերեն են թարգմանվել ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի առավել կարեւոր էջերը:

Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիան, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների հետ, նախաձեռնել է Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծման նախագիծ, որի իրականացման համար ակնկալվում է ՖԽՎ գործուն աջակցությունը:

Քվեբեկի Ազգային ժողովի նախագահ, ՖԽՎ առաջին փոխնախագահ Ժակ Շանյոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, թե պատահական չէ, որ Հայաստանում է տեղի ունենում Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը. Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է:

Ըստ Շանյոնի՝ Հայաստանի մասնակցությունը կհարստացնի գագաթաժողովը, քանի որ իրենց նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհի ժողովուրդների մշակութային բազմազանությունը:

Ժակ Շանյոնը նշել է, որ իրենք միացել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին. Քվեբեկի Ազգային ժողովն ընդունել է բանաձեւ, որով հարգանքի տուրք է մատուցվում հայ ժողովրդին՝ Ցեղասպանությունը որակելով որպես քսաներորդ դարի սարսափելի ողբերգություններից մեկը: Ժակ Շանյոնը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի բնօրինակը հանձնել է Գալուստ Սահակյանին:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՖԽՎ փոխնախագահ Ժան-Պիեռ Դյուֆոն նշել է, որ ֆրանկոֆոնիան չի պատկանում միայն Ֆրանսիային. այն արժեքների եւ մշակույթների միասնություն է: Պայքարը ռասայական, էթնիկ եւ կրոնական ատելության ու խտրականության դեմ համընդհանուր արժեք է եւ ազգություն չի ճանաչում:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են կազմակերպության անդամ երկրների խորհրդարանականների փոխայցերի եւ համագործակցության հեռանկարների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am