Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էջմիածնի 2700-ամյակը շնորհավորել են բազմաթիվ օտարերկրացի հյուրեր

Էջմիածնի 2700-ամյակը շնորհավորել են բազմաթիվ օտարերկրացի հյուրեր

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց հոգեւոր մայրաքաղաքի` Էջմիածնի 2700-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել բազմաթիվ հյուրեր, պատվիրակներ Էջմիածնի քույր քաղաքներից:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում ՌԴ Սերգիեվ Պոսադի քաղաքապետ Յուրի Պոտյոմկինը շեշտում է, որ Էջմիածնի հետ հինգ տարվա համագործակցությունը եղել է արդյունավետ, ձեռքբերումները` շատ են, նախագծերը` նույնպես:

«Եկել եմ շնորհավորելու Էջմիածնի տոնը եւ նրան ու նրա քաղաքացիներին մաղթելու բարգավաճում»,- ասաց Պոտյամկինը:

Ֆրանսիական Իսսի լե Մուլինոյի հետ նույնպես Էջմիածինը քույր քաղաք է: Փոխքաղաքապետ Հարություն Խանջյանն էլ շեշտում է, որ Էջմիածինը սիրելի քաղաք է, ու ինքը տարեցտարի նկատում է, թե Հայոց հոգեւոր մայրաքաղաքն ինչպես է փոխվում եւ գեղեցկանում:

«Ձեր քաղաքը հայկական քաղաքակրթության օրրաններից մեկն է: Լուսավորության սկիզբն այս քաղաքից է սկսվել: Այստեղ է գտնվում ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը` Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը»,- ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն էլ շեշտում է, որ Ռումինիայում շատ են սիրում եւ հարգում էջմիածնեցիներին, քանի որ Վազգեն Առաջին կաթողիկոսի շնորհիվ շատ բան են իմացել հայերի ու Էջմիածնի մասին:

«Եթե Երեւանը Հայաստանի սիրտն ու տնտեսությունն է, ապա Էջմիածինը` Հայաստանի հոգին է: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»,- ասաց Վասիլեն:

Տոնական հանդիսավոր նիստի ժամանակ Էջմիածնի մի խումբ քաղաքացիներ, Էջմիածնի ավագանու որոշմամբ, արժանացան պատվավոր քաղաքացու կոչմանը: Ավելի ուշ Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան հրապարակում տեղի ունեցավ տոնական շքերթ եւ թատերական ներկայացում:

Միջոցառումների եզրափակումը տեղի կունենա երեկոյան տոնական համերգով եւ հրավառությամբ:

Հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնն է, քանի որ համաձայն պատմագիրների վկայության, հենց այս օրն է Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ Վաղարշապատ բերել հայոց գրերը, որտեղ նրանց ցույց է տրվել փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ է գնացել Վռամշապուհ թագավորը' հայոց ավագանու եւ ժողովրդի բազմության ուղեկցությամբ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am