Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էռնա Յուզբաշյանը գյումրեցի հանդիսատեսին ներկայացրեց իր հին ու նոր երգերը

Էռնա Յուզբաշյանը գյումրեցի հանդիսատեսին ներկայացրեց  իր հին ու նոր երգերը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Երկարատև ընդմիջումից հետո, հայաստանյան համերգաշարի շրջանակներում, Գյումրու դրամատիկական թատրոնի բեմից հոկտեմբերի 7-ին գյումրեցի հանդիսատեսին ողջունեց ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը: Մինչ հանդիսատեսին ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր կատարումները ներկայացնելը, հանրահայտ երգչուհին հանդիպեց լրագրողներին՝ փոխանցելով իր տպավորությունները հայաստանյան համերգաշարի և ստեղծագործական գործունեության մասին: Գյումրիում համերգին ներկա գտնվելու հնարավություն էին ստացել նաև քաղաքի մանկատների և հատուկ խնամքի կենտրոնների սաները:Երեսուներեք տարվա ընդմիջումից հետո Գյումրին երգչուհու համար մի փոքր «անծանոթ» էր: Հազիվ թաքցնելով հուզմունքը՝ երգչուհին հիշեց 1988 թվականի երկրաշարժի տարիները: «Տխուր է հիշել այդ տարիները, փորձում էինք օգնել, բայց, ցավով էինք իմանում, որ շատ դեպքերում օգնությունը  տեղ չէր հասնում: Այսօր էլ ցավով եմ ընդունում այն, որ այս ավանդապահ ժողովուրդը մանկատուն կամ հատուկ խնամքի կենտրոններ ունի, բայց, ինչ արած՝ կյանք է: Ես այս ընթացքում հասկացա, որ  թեև Երևանը շատ եմ սիրում, բայց ես մեծ քաղաքի մարդ չեմ, ես ինձ շատ լավ եմ զգում մարզերում՝ այստեղ, ինչպես նաև Արցախում»,- նշեց երգչուհին: Անդրադառնալով օրեր առաջ ստացած ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, Էռնա Յուզբաշյանը, փաստեց, որ այդ կոչումը  թեև հաճելի է, բայց պարազպես մի «սիրուն պահ է»: «Սիրուն պահ է, երբ քո գործունեությունը ստանում է  գնահատական, բայց դա էական չէ: Կան շատ արժանի մարդիկ, ովքեր չունեն այդ կոչումը՝ Տաթևիկ Հովհաննիսյանը, իմ շատ սիրելի Էլվինա Մակարյանը, ով մահացավ ու այդպես էլ կոչում չունեցավ: Շատերը կան, որ առանց կոչման ապրում են ու սիրված են ժողովրդի կողմից»,- նկատեց Էռնա Յուզբաշյանը՝ անդրադառնալով նաև Արմեն Գոնդրաչյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստին: «Ճաշակին ընկեր չկա: Ես չեմ թաքցնում՝ ես լավ ռաբիս սիրում եմ. հարսանիքներին ինչի՞ տակ ենք պարում: Ինքն էլ իր ունկնդիրն ունի: Ես այս փաստին վատ չեմ նայում: Ընդհանարապես, այս կոչումներն ակտուալ չեմ համարում: Այդ կոչումները պայմանական են, դրանով իմ կյանքը չի փոխվում»,- հավելեց երգչուհին: Խոսելով հայրենիք վերադառնալու նպատակների մասին՝ երգչուհին փաստեց, որ հիմա այդ հարցն ավելի շատ իր դստեր հետ է կապված. «Սրտիս խորքում ես մտածում եմ հայրենիք գալու մասին, բայց միայն ես չեմ որոշում՝ այլ նաև 18-ամյա աղջիկս, ով ծնվել է ԱՄՆ-ում, ու եթե  մի քանի տարի առաջ ես կարող էի որոշում կայացնել, հիմա դա անհնար է, քանի որ աղջիկս թեև սիրում է Հայաստանը, բայց իրեն ամերիկացի է համարում: Իմ չվերադառնալու հիմնական պատճառն ինքն է»: Բեմական գործունեության 35 տարիների ընթացքում երգչուհին ունեցել է բազում հին ու նոր  երգեր, բայց Էռնա Յուզբաշյան երգչուհու այցեքարտը Խաչատուր Ավետիսյանի  «Սիրո գիշեր» երգն է, որն արդեն ներկայացվում է նոր տարբերակով ու նոր գործիքավորմամբ: Երգչուհին շնորհակալություն հայտեց բոլոր նրանց, ովքեր իր կողքին են ու անշահախնդրորեն նվիրված են իրեն: «Հիմա, այս հայաստանյան շրջագայությունից հետո ինձ համար ավելի դժվար կլինի, քանի որ այս ամենը ես այնտեղ չեմ ունենա: Ես երջանիկ մարդ եմ, որ ունեմ ընկերներ ու մոտ մարդիկ: Հաճելի է, երբ կարող ես ասել ինքդ քեզ, որ դու երջանիկ ես»,- ավելացրեց Էռնա Յուզբաշյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am