Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսում է Արցախի ներգրավմամբ ծրագրեր իրականացնել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսում է Արցախի ներգրավմամբ 
ծրագրեր իրականացնել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 6-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակած` «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը եւ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» պաստառների ցուցադրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը  թե' 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման  եւ թե' Ցեղասպանության թեմայի իրազեկման գործում` այս համատեքստում ընդգծելով  Հայկ Դեմոյանի գիտական աշխատությունների նշանակությունը եւ նրա հետեւողական հասարակական գործունեության կարեւորությունը:

Աշոտ Ղուլյանի համոզմամբ, Ղարաբաղի խնդիրը նույնպես ցեղասպանության արդյունք է. թուրքական ոճրագործության ու ագրեսիայի  հետեւանքով թուլացած Հայաստանն ի վիճակի չէր պայքարելու Ղարաբաղի համար: «Այսօրվա անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության պատասխանն է թուրք-ադրբեջանական նկրտումներին»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Ներկայացնելով «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը»  մենագրության ստեղծման նախապատմությունը եւ աշխատության համառոտ բովանդակությունը` Հայկ Դեմոյանը ընդգծել է, որ դրա հիմքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունն է  հայ-­թուրքական հարաբերությունների եւ պանթուրքիզմի արտաքին քաղաքականության տեսանկյունից:  Այս առումով հեղինակը կարեւորել է Արցախի Հանրապետության նշանակությունը համայն հայության համար` կոչ անելով  յուրաքանչյուր հայի իր ներդրումն ունենալ Արցախի  զարգացման գործում:

Խոսելով ապագա ծրագրերի մասին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ առաջիկայում նախատեսում է Արցախի ներգրավմամբ մի շարք լուրջ ծրագրեր իրականացնել:

Այնուհետեւ Հայկ Դեմոյանը միջոցառման մասնակիցներին  է ներկայացրել  արտասահմանյան մամուլի առաջին էջերին Հայոց ցեղասպանությունը պատկերող պաստառները եւ հանգամանալից բացատրել բովանդակությունը: 

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, արտաքին գործերի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարները, ԱրՊՀ պրոֆեսորա-դասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am