Հասարակական

Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է ադրբեջանական հրետակոծությունից տուժած Բերդավան

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է ադրբեջանական հրետակոծությունից տուժած Բերդավան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի 2011թ. Փաստաթղթի շրջանակներում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեսչության շրջանակում տեսչական խումբն այցելել է 3-րդ ԲԿ զորամասերը:

Տեսուչները ցանկություն են հայտնել լինել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ: Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել են թուրքական արտադրության TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորների լուսանկարներ:

Հոկտեմբերի 1-ին ազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը: Խմբի անդամները հանդիպել են զորավարժության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, եղել են զորավարժության ուսումնական կետերում, զրուցել մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը՝ հոկտեմբերի 1-ն, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի և փոխդեսպան Նիկոլա Ֆայի հետ: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում