Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շառլ Ազնավուրի երևանյան համերգի սահմանափակ թվով տոմսեր են վաճառվելու

Շառլ Ազնավուրի երևանյան համերգի սահմանափակ թվով տոմսեր են վաճառվելու

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի երևանյան համերգը մեծ նվեր է Հայաստանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համերգի առթիվ վաճառվելու են սահմանափակ թվով տոմսեր:

«Ազնավուրի այս անգամվա այցն իրականացվում է Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի կապակցությամբ: Այն արարողակարգային մասով կազմակերպվում է Արտաքին գործերի նախարարության կողմից, իսկ «Երևանյան հեռանկարներ» փառատոնին նախարությունը հանձնարարել է կազմակերպել Ազնավուրի երևանյան համերգը»,-նշեց Սոնա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով`վերջին տարիներին հենց «Երևանյան հեռանկարներ»-ին է վստահվել է Ֆրանկոֆոնիայի կարևորագույն միջոցառումների համերգային մասի կազմակերպումը:

«Մենք Լարա Ֆաբիանի, իսկ անցյալ տարի`Պատրիսիա Կաասի համերգն ենք կազմակերպել`դարձյալ այս միջոցառման շրջանակներում: Ազնավուրը մեծագույն հայ է, այս համերգը նա նվիրում է Հայաստանին: Շատ մեծ համաժողով է լինելու, բազմաթիվ երկրների նախարարներ, հյուրեր են ներկա լինելու: Տոմսերի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 30-ից: Իրականում վաճառքի դրվող տոմսերի քանակը սահմանափակ է, որովհետև համաժողովի պատճառով մոտ հազար տեղ ընդհանրապես չի վաճառվելու»,-հավելեց Սոնա Հավհաննիսյանը:

Շառլ Ազնավուրի երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am