Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Չինաստանի Շենսի նահանգը շահագրգռված է Հայաստանի մարզերի հետ համագործակցության խորացմամբ

Չինաստանի Շենսի նահանգը շահագրգռված է Հայաստանի մարզերի հետ 
համագործակցության խորացմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-ին ժամանել է Սիան (Շենսի նահանգ), որտեղ սեպտեմբերի 24-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Շենսի նահանգի կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ:

Բարձր գնահատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան և հանդիպումը ՉԺՀ վարչապետի հետ՝ Ճաո Ժեն Յոնը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն օրեցօր խորանում և ամրապնդվում է: Նա շեշտել է Չինաստանի, մասնավորապես, Շենսի նահանգի շահագրգռվածությունը՝ խորացնել և ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում` կարևոր համարելով համագործակցության զարգացումը նաև մարզերի միջև:

Շենսի նահանգի կոմկուսի քարտուղարը հայաստանցի հյուրերին մանրամասն ներկայացրել է նահանգի պատմությունը: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական ֆորումին՝ նա նշել է, որ այն կարևոր հարթակ է տնտեսական կապերի հաստատման և զարգացման համար: Հայ-չինական կապերի խորացման առումով երկուստեք բարձր է գնահատվել Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետը նշել է, որ տպավորված է ինչպես Սիան քաղաքի պատմական ժառանգությամբ, այնպես էլ  ժամանակակից ձեռքբերումներով: «Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքների և գործարար կենտրոնը: Խորհրդանշական է նաև, որ պատմականորեն Շենսի նահանգը գտնվել է Մեծ Մետաքսի ճանապարհի սկզբնամասում, և պատահական չէ, որ այստեղ տեղի է ունենում այսպիսի կարևոր միջոցառում` «Եվրասիական տնտեսական ֆորումը», որը միտված է սերտացնելու այդ ճանապարհին գտնվող երկրների պետական մարմինների և գործարար համայնքների միջև կապերը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ողջունել է 2013 թվականին Նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշած Մեծ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը, և արդեն նպատակաուղղված աշխատանք է տարվում ծրագրի իրականացման ուղղությամբ այն մասով, որտեղ Հայաստանը նույնպես կարող է իր նպաստը ունենալ: Վարչապետ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել երկու երկրների մարզերի միջև շփումների և կապերի  ընդլայնումը՝ այս համատեքստում կարևորելով Գյումրիի և  Սիանի միջև բարեկամական հարաբերու­թյունների հաստատումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` արդեն հասունացել է պահը քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորու­թյունները՝ հաջողված փորձ համարելով փոխգործակցությունը Չինաստանի Սինձյան-Ույգուրյան ինքնավար մարզի հետ:

Վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տերրակոտա զինվորների և ձիերի թանգարան: Վարչապետին ներկայացվել են թանգարանի երեք ցուցասրահները (վիրապները), ինչպես նաև «Բրոնզե մարտակառքերի և ձիերի» ցուցասրահը: Թանգարանում Հովիկ Արահամյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները Սիանի կենտրոնական հրապարակում ներկա  են գտնվել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցների համար կազմակերպված բեմականացված հանդիսություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am