Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Կոմիտասի ստեղծագործությունների անմշակ կատարումները կհնչեն «Կոմիտաս» փառատոնի շրջանակներում

Կոմիտասի ստեղծագործությունների անմշակ կատարումները կհնչեն «Կոմիտաս» փառատոնի 
շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասն առաջինը կամուրջ գցեց արևելյան «պաճուճավոր զգացմունքայնության» և արևմտյան «կանոնավոր մտածելակերպի» միջև: Այս մասին սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք «Կոմիտաս» փառատոնի մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: «Այդ կամուրջով, սակայն, ժամանակին ոչ ոք չանցավ, քանի որ հայ կոմպոզիտորական դպրոցը զարգացավ ռուսական մտածելակերպի և կրթական համակարգի ներքո: Անդրադարձը Կոմիտասին տեղի ունեցավ 1960-ականներից՝ Տիգրան Մանսուրյանի, Աշոտ Զոհրաբյանի, Մարտուն Իսրայելյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սվետլանա Նավասարդյանը: Խոսելով արդեն երկրորդ փառատոնի շրջանակներում իր մենահամերգի մասին` Սվետլանա Նավասարդյանը տեղեկացրեց, որ համերգին կհնչեն ինչպես Կոմիտասի ստեղծագործությունները, այնպես էլ այն հեղինակների, որոնց մոտ ազգային մոտեցումն ու Կոմիտասի մաքրությունը պահպավել են, լեզուն ժամանակակից է և ուրույն:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշեց, որ Մշակույթի նախարարության աջակցությամբ երկրորդ անգամ անցկացվող «Կոմիտաս» փառատոնը կանցկացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` հին և նոր տոմարով Կոմիտասի ծննդյան օրերի միջակայքում՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը: Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարվանից փառատոնի ձևաչափը կդառնա միջազգային:

««Կոմիտաս» փառատոնի նպատակը և Կոմիտասի արվեստին, և հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն է: Որպեսզի մենք պատկերացում ունենանք Կոմիտասի ժառանգության մասին և այն տարբերակենք նրա ոգով ստեղծված այլ գործերից, անհրաժեշտ համարեցինք, որ այս փառատոնը հատկապես ներկայացնի հենց Կոմիտասին՝ առանց մշակման, առանց որևէ պրիզմայով անցկացման», - ասաց «Կոմիտաս» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը: Կոմիտասագետը հավելեց, որ փառատոնի ծրագրում ընդգրկվել են նաև հայ կոմպոզիտորական արվեստի այլ հեղինակների ստեղծագործություններ:

Փառատոնը կբացվի սեպտեմբերի 26-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ հաջորդ օրերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կամերային երաժշտության երեկոյին հանդես կգան սոպրանո Իրինա Զաքյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը և բարիտոն Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, դաշնամուրային երաժշտության երեկոն ամբողջությամբ նվիրված կլինի Սվետլանա Նավասարդյանի կատարումներին: Խմբերգային երաժշտության երեկոյին հանդես կգան «Գեղարդ», «Հովեր» և Երևանի պետական կամերային երգչախմբերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am