Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լեգենդար դիրիժոր Զուբին Մեթան հայերին տաղանդավոր ազգ է համարում

Լեգենդար դիրիժոր Զուբին Մեթան հայերին տաղանդավոր ազգ է համարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար հնդիկ դիրիժոր, բազմաթիվ մրցանակների արժանացած և Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»-ում աստղ ունեցող Զուբին Մեթան հայերին տաղանդավոր ազգ է համարում: Անվանի դիրիժորն այս մասին նշեց Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 3-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիրիժորի ղեկավարությամբ տեղի կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:

«Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստանում լինելը: Պատիվ է ոչ միայն ինձ, այլև նվագախմբի համար: Ես հայկական համայնքի հետ շատ փոքր շփում եմ ունեցել, իմ հայրը Իվան Ղալամյանի մոտ է սովորել Նյու Յորքում: Հայրս միշտ խոսել է իր մեծագույն ուսուցչի մասին: Ունեմ շատ ուրիշ հայ ծանոթներ Վիեննայում, շփվել եմ նրանց հետ»,-  «Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց Զուբին Մեթան:

Երևանյան համերգի ընթացքում նվագախումբն ու դիրիժորը հանրությանը կներկայացնեն Շտրաուսի, Շյոնբերգի, Չայկովսկու գործերը:

«Դիրիժորությունը կախարդական մասնագիտություն է, մենք ոչնչի չենք դիպչում, չենք նվագում գործիքով, կորդինացնում ենք հարյուրավոր նվագող երաժիշտների: Դասական երաժշտությունը շատ մեծ ժողովրդկանություն է վայելում Իսրայելում, յուրաքանչյուր ծրագիր 5-6 անգամ են կրկնում»,- նշեց անվանի դիրիժորը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի համերգը ևս մեկ բարձունք է, որը հաղթահարեց փառատոնը:

«Անհավատալի է, որ այստեղ է դարի մեծագույն դիրիժորներից մեկը` Զուբին Մեթան, որը ցանկացած բեմի ամենասիրելի արտիստն է: Իսրայելի նվագախումբն աշխարհի լավագույններից է»,- նշեց Ստեփան Ռոստոմյանը:

Կազմակերպիչների փոխանցմամբ` Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգից առաջ այցելելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է։ Նվագախմբի հետ Մեթան բազմաթիվ համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։ Նա ղեկավարել և աշխարհի մի շարք առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժորն» է, ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։ Զուբին Մեթան արժանացել է անթիվ տիտղոսների և մրցանակների․ Երուսաղեմի Եբրայական համալսարանի և «Վեիզման» ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի և այլն։ 2011-ին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։

«Երևանյան հեռանկարներ»-ը դասվում է Եվրոպայի լավագույն փառատոնների տասնյակում՝ ծրագրում ներկայացնելով աշխարհի առաջատար նվագախմբերի և մենակատարների, որոնց թվում Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Թագավորական Կոնցերգեբաու, Մարիինյան սիմֆոնիկ և Բեռլինի պետական նվագախմբերը, Վալերի Գերգիևը, Դանիել Բարենբոյմը, Պինկաս Ցուկերմանը, Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը և այլք: Փառատոնն իրականացնում է մշակութային քաղաքականությանը և կրթությանը վերաբերող լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում ապրիլին բացվեց փառատոնի ակադեմիան` Բյուրականում: Զուգահեռաբար ընթանում է «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը, որի շրջանակներում «Երևանյան հեռանկարների» բարեկամ աշխարհահռչակ երաժիշտները համերգներով հանդես են գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ հարգանքի տուրք մատուցելով և հրավիրելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի պատմական այցը իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am