Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանն ու Արտաշես Գեղամյանը մեկնաբանում են ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Վազգեն Մանուկյանն ու Արտաշես Գեղամյանը մեկնաբանում են ՀՀ նախագահի հետ 
հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները տպավորված են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից: Կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նախագահի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում ստացել են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: «Մենք շատ բավարարված ենք նախագահի հետ հանդիպումից: Գիտեք, յուրաքանչյուրս կարող ենք դատողություններ անել մեր կրթվածության մակարդակով, մեր անցած կյանքի փորձով, սակայն երբ լսում ես հիմնավորումներ և պատասխաններ, որոնք կարող են գոհացնել թե' գիտանականին, թե’ քաղաքական գործչին, թե’ կյանքի ամենադաժան բովերով անցած մարդուն, գալիս ես համոզման, որ այն ինչ արդար է, իր ճանապարհը հարթելու է, այն, ինչ պահանջված է երկրի համար,  վաղ թե ուշ ընդունվելու է: Մենք շատ տպավորված դուրս եկանք հանդիպումից, և մեր կուսակցությունը շատ անելիքներ ունի: Մենք պետք է հնարավորինս մատչելի լեզվով կարողանանք հասցնել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, առավելությունները և ինչ ակնկալել, եթե մենք կարողանանք նախ հանրաքվեով «այո’» ասել փոփոխություններին և հետո քայլ առ քայլ սկսենք քայլի կոչել»,- ասաց Գեղամյանը:

Գեղամյանն ընդգծեց, որ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում անպայման ելույթ է ունենալու և բարձրաձայնելու է իր դիրքորոշման մասին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: «Ես անպայման ելույթ եմ ունենալու, որովհետև մենք կանգնած ենք պատմական իրադարձության շեմին: Եթե մարդ ազնիվ է իր խղճի առաջ, անկախ իր դիրքորոշումից, նա պետք է բարձրաձայնի դրա մասին, որովհետև կանցնեն տարիներ, սերունդներ կփոխվեն, և մարդիկ պետք է իմանան, թե ով իրեն ինչպես է դրսևորել»,- ընդգծեց պատգամավորը:

Հարցին, թե կա՞ն մտահոգություններ Սահմանադրության նոր նախագծում տեղ գտած որոշ դրույթների հետ կապված, որոնց վերաբերյալ կուսակցությունը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել, Գեղամյանն ընդգծեց, որ վիճահարույց հարցերի վերաբերյալ հարցադրումներ ՀՀ նախագահի մոտ իրենք արել են: «Ի բավարարվածություն բոլորիս` նշվեց, որ այդ հարցերը քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի հետ և փոխզիջումային տարբերակներ կան, որոնք թղթի են տրվելու: Այնպես չէ, որ ինչ-որ հարց մնացել է անպատասխան: Չմոռանանք ամենակարևորը՝ Սահմանադրությունը և սահմանադրական իրավունքը լրջագույն գիտություն է: Հայաստանում, ով կատարյալ կերպով տիրապետում էր այդ  գիտությանը, նրանք հանձնաժողովի կազմում են: Մենք կարող ենք քաղաքական հնարավոր զարգացումները կանխատեսել սահմանադրական այս կամ այն դրույթի մեկնաբանությամբ, սակայն որպես գիտական փաստաթուղթ, լավ կլինի, որ դա թողնենք գիտնականներին»,- եզրափակեց Գեղամյանը:

Օգոստոսի 28-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր նաև Հանրային խորհրդի անդամների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են պրակտիկ հարցեր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նա հայտնեց, որ Հանրային խորհրդի անդամները հանդիպման ընթացքում ՀՀ նախագահին ներկայացրել են իրենց դիտողությունները: «Մենք կուսակցություն չենք և դրա համար մեզ մոտ մեծամասնությունը փոքրամասնությանն ինչ-որ բան չի պարտադրում և հանրաքվեի օրը խորհրդի անդամներից յուրաքանչյուրը քվեարկելու է իր խղճի համաձայն: Սակայն կան հարցեր, որոնք ճշտման կարիք ունեն: Մենք հանդիպման ընթացքում հանրապետության ղեկավարի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների առջև դրել ենք»,- ասաց Մանուկյանը:

Օգոստոսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ քննարկում է ունեցել նաև Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ներկայացուցիչների հետ:

Մինչ այդ ՀՀ նախագահը հանդիպել էր ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀՇ, ՀՔԴՄ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունների  ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության ՆախագահինՆախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am