Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՀԵՀ-ը կշարունակի ուսանողների համար նախատեսված սոցիալական ծրագրերը

ՀԵՀ-ը կշարունակի ուսանողների համար նախատեսված  սոցիալական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը  նոր ուսումնական տարվանից կշարունակի ուսանողների համար  նախատեսված իր սոցիալական ծրագրերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ծրագրերը կլինեն մի քանի ուղղություններով, որոնց նպատակը սոցիալական տարբեր խմբերի երիտասարդներին իրենց կրթության իրավունքն իրացնելու հնարավորության ընձեռումն է:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է , որ պահպանվել են արդեն ավանդական դարձած և ուսանողների կողմից մեծ պահանջարկ ունեցող նախաձեռնությունները։ Մասնավորապես, հիմնադրամը կշարունակի փոխհատուցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության  ընթացքում։ Այս նախաձեռնությունը մեկ տարվա պատմություն ունի, և 2014-2015 ուսումնական տարում այս ծրագրից արդեն իսկ օգտվել է մոտ 20 երիտասարդ։ Կարեն Ավագյանը կոչ արեց բոլոր այն ուսանող-ծնողներին, ովքեր ունեն երկու և ավելի երեխաներ, անպայման դիմել Երիտասարդական հիմնադրամին։ Ըստ նրա՝ հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն, ինչու ոչ՝ նաև խթանել ծնելիությունը։

ՀԵՀ ավանդական սոցիալական ծրագրերից է առաջին կուրսեցիների և սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձերի փոխհատուցումը։ Եթե առաջին կուրսեցիների համար նախատեսված ծրագիրը մրցութային է, և դրանից կարող են օգտվել բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալական տարբեր խմբերին պատկանող, ինչպես նաև հասարակական ակտիվություն ցուցաբերող երիտասարդները՝ ստանալով ուսման վարձի որոշակի փոխհատուցում, ապա սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է ամբողջությամբ և առանց մրցույթի, բոլորինն անխտիր։ Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ ուսման վարձի փոխհատուցումն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Նա նշված խմբերի ուսանողներին կոչ արեց հետևել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքին. համապատասխան հայտարարությունները կտրվեն արդեն այս տարվա դեկտեմբերին։

2011 թվականից ի վեր ՀԵՀ-ն ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխհատուցել է մոտ 4000 ուսանողի ուսման վարձ։

Շարունակվում է նաև ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որի շրջանակներում գիտությամբ զբաղվող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռվում մասնակցել միջազգային գիտաժողովների, գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման համար ստանալ ֆինանսական աջակցություն:

Հիմնադրամի համակարգողը տեղեկացրել է  նաև ՀԵՀ նոր նախաձեռնության մասին. այս տարվանից երկկողմանի  ծնողազուրկ ուսանողները կկարողանան օգտվել ՀԵՀ կողմից հատկացվող անվճար սննդի ծրագրից։ Ծրագրի մանրամասները  հստակեցվում են, և առաջիկա օրերին այն կներկայացվի առավել մանրամասն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am