Շիրակը որոշ մասնագիտությունների գծով մանկավարժների պահանջ ունի
ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսի 27-ին Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի կրթական համակարգի ամենամյա օգոստոսյան խորհրդակցությոնը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, մարզի դպրոցների տնօրենները:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով բոլորին` նոր ուսումնական տարում հաջողություն մաղթեց, ապա խորհուրդ տվեց տնօրեններին պահպանել այն լավ ավանդույթները, որ ունի Շիրակի մարզի կրթական համակարգը, և լավ աշխատել: «Շիրակը միշտ իր կրթական որակով բարձր է եղել, ինչի մասին խոսում են դպրոցական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Մենք պետք է աշխատենք պահել այդ արդյունքները: Ալելիքները շատ են»,- նշեց մարզպետը` նաև կարևորելով դպրոց-հասարակություն կապը:
Մարզի կրթական համակարգում անցած տարի իրականացրած աշխատանքներն ու առկա խնդիրներն ավելի մանրամասն ներկայացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը. մարզում գործում է 168 հանրակրթական դպրոց՝ 151-ը մարզային ենթակայության, 17-ը՝ ավագ: Մարզում կա երկու հատուկ դպրոց, որոնք իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր: Այդ դպրոցներում ընդգրկված էին 124 երեխաներ: Ի դեպ, ըստ նախանական հաշվարկների` նոր՝ 2015-2016 ուստարում մարզը կունենա 3280 առաջին դասարանցի, մինչդեռ 2014-2015 ուստարում առաջին դասարանցիների թիվը եղել է 3215, սակայն, ցավոք մարզի 5 գյուղական համայնքներ՝ «Անի» կայարան, «Ջաջուռ»-կայարան, Աղվորիկ, Զարիշատ և Շաղիկ, այս տարի ընդհանրապես ոչ մի առաջին դասարանցիներ չեն ունենա: Ուսումնական տարվա ընթացքում մարզում վերապատրաստվել և ատեստավորվել են 569 ուսուցիչ, տարրակարգ է ստացել 27-ը: Մարզում գործում են համայնքային 51 նախակրթարաններ« ուր հաճախում են 4563 երեխաներ: Խնդիրը մասամբ մեղմվեց «Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին» ծրագրի ներդրումով« որի արդյունքում մարզի գյուղական համայնքների 54 դպրոցներում բացվեցին և գործում են դպրոցահեն նախադպրոցական խմբեր: Այդ համայնքների դպրոցներում շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը: Ձևավորված 61 խմբերում ներգրավված են շուրջ 916 երեխաներ: 2015 թվականին մարզի 9 դպրոցներում արդեն մեկնարկել է ծրագիրը և նոր ուսումնական տարում կձևավորվեն նախադպրոցական խմբեր: 2014-2015 ուստարում առաջինը «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդվեց Արևիկի միջնակարգ դպրոցում: 2015-2016 ուստարում մարզի ևս 5 դպրոցներ կհամալրեն այդ շարքը:
Մարզի կրթության վարչության պետն ուրախությամբ նաև փաստեց, որ տարվա ընթացքում մարզի դպրոցականներն աչքի են ընկել օլիմպիադաներում գրանցած հաջողություններով. մարզի դպրոցակներից 140-ը մասնակցել է տարբեր առարկաների օլիմպիադաների, և հանրապետական փուլին նրանցից 7-ն արժանացել է 1-ին կարգի, 12-ը՝ 2-րդ, 9-ը՝ 3-րդ կարգի դիպլոմների, իսկ 23-ը` գովասանագրերի: Հանրապետական փուլի արդյունքներով ՀՀ Շիրակի մարզը երկրորդն է հանրապետությունում՝ Երևանից հետո:
2014-2015 ուստարում մարզի 12 դպրոցներում ներառական կրթություն են ստացել 371 աշակերտներ: 2015-2016 ուստարում ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը կհամալրվի ևս 3-ով` Գյումրու թիվ 9« Արթիկի թիվ 2 հիմնական և Աշոցքի միջնակարգ դպրոցներով (մոտ 60 աշակերտներով) :
Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուն, հաշվի առնելով դպրոցների տնօրեններից նախապես ստացված առաջարկները և խնդիրները, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալին ներկայացրեց դրանք՝ մարզում որոշ մասնագիտությունների գծով մասնագետների պահանջի, մեթոդամանկավարժական սեմինարների անհրաժեշտության, մարզադահլիճների բացակայության, լաբորատոր և դպրոցական գույքի անհրաժեշտության, ինչպես նաև բնակչության թվի նվազման պայմաններում աշակերտ-թվով ֆինանսավորման վերանայման և այլ հարցեր:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում