Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը պատրաստվում է եկող տարվա բյուջեն հաշվարկել ըստ նավթի բարելի 50 դոլար գնի

Ադրբեջանը պատրաստվում է եկող տարվա  բյուջեն հաշվարկել ըստ նավթի բարելի 50 դոլար 
գնի

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է 2016 թվականի պետբյուջեի ձեւավորման ժամանակ նավթի գինը հաշվարկել մեկ բարելի դիմաց 50 դոլար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը գրում է, որ Ադրբեջանի կառավարությունը եկող տարվա պետբյուջեում նավթի գինը հարկադրված է 40 դոլարով պակաս հաշվարկել` ելնելով անցյալ տարվա կեսերից մինչեւ այժմ նավթի համաշխարհային գների շարունակական անկումից:

Ամբողջությամբ նավթի համաշխարհային գնից կախված Ադրբեջանի պետբյուջեի ձեւավորման ժամանակ ադրբեջանական կառավարությունը հարկադրված է հաշվի առնել ազգային արժույթի` մանաթի փետրվարյան 34 տոկոսանոց անակնկալ արժերկումից հետո հնարավոր երկրորդ եւ երրորդ արժեզրկման մասին փորձագետների կանխատեսումները:

Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմեդովը հայտնել է, որ երկրի պետբյուջեի հիմնական մատակարար Նավթի հիմնադրամի եկամուտները կախված են նավթի համաշխարհային գներից, եւ այդ պատճառով նավթի գների տատանումները խիստ ազդում են պետբյուջեի վրա:

«Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը խորհուրդ է տալիս 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը սահմանել 50 դոլար: Ես նույնպես գտնում եմ, որ նավթի գինը բյուջեում կարող է հաշվարկվել 50 դոլար», -ասել է նա:

Պատգամավորը չի բացառել, որ 2016 թվականի պետբյուջեում ներդրումների եւ սոցիալական նախագծերի միջոցների չափը կարող է նվազեցվել:

Ներկա դրությամբ` միջազգային սակարաններում ադրբեջանական Azeri LT CIF բարձրարժեք նավթի մեկ բարելի գինը սահմանվել է 44,34 դոլար, այն դեպքում, երբ անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական այդ տեսակի նավթն արժեր 46,23  դոլար/բարել, իսկ երեկ` 44,43 դոլար/բարել: 

Ներկայում համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 42,57 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 38,33 դոլար:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանվող  ադրբեջանական նավթի գինը պետբյուջեում նախատեսվածից մոտ 47,5 դոլարով ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am