Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կառավարությունը տեսչական ստուգումները հասցրեց նվազագույնի

Կառավարությունը տեսչական ստուգումները հասցրեց նվազագույնի

ԵՐԵՎԱՆ, 30  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց Ստուգումների կազմակերպման և անցկացման իր նախորդ որոշումներից մեկը, որոով նվազագույնի են հասցվում տնտեսվարողների մոտ տեսչական ստուգումները: «Առաջարկվող նախագծով մինչև հունվարի մեկը կտրուկ սահմանափակվում են տեսչական մարմինների ստուգումները` բացառությամբ հարկային և մաքսային»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գործադիրի նիստում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հշեցրեց, որ ՀՀ-ում արդեն իսկ ստուգումներն իրականացվում են ստուգաթերթերի հիման վրա, ինչն էապես նվազեցնում է տեսչական մարմինների և տնտեսվարողների շփումները: Հարությունյանի խոսքով՝  նոր որոշմամբ 170 ստուգաթերթերի 90 տոկոսը կրճարտվում է. Ստուգումները կիրականացվեն միայն բարձր ռիսկայնություն  ունեցող տնտեսվարողների մոտ, օրինակ՝ գազալցակայաններում:

«Մինչ 2016 թվականի հունվարի մեկը կիրառվելու է միայն ստուգաթերթերի 10 տոկոսը: Ստուգումները կշարունակվեն պետական սեփականություն ունեցող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններում, որոնք տնտեսական շահույթ չեն հետապնդում: Շարունակվելու են ստուգումները դպրոցներում և մանկապարտեզներում` երեխաներին որակյալ սննդով ապահովելու նպատակով: Որոշումը չի տարածվելու նաև այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով»,- ասաց Հարությունյանը:  

Միաժամանակ, վարչական վարույթի ընթացքում տեսչական մարմինները տնտեսվարողների մոտ ստուգումներ իրականացնելու համար պետք է դիմեն ՀՀ վարչապետին և միայն համաձայնությամբ իրականացնեն իրենց քայլերը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդգծեց, որ որոշմամբ էականորեն կնվազի տնտեսվարողների մոտ ստուգումների քանակը, նաև անհարկի միջամտությունը՝ նրանց բնականոն գործունեությանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց որոշման ընդունումը, ինչը, նրա խոսքով,  դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա: Միաժամանակ, վարչապետը հանձնարարեց բոլոր նախարարներին խստագույնս պահպանել որոշման պահանջները և հորդորեց տնտեսվարողներին բարձրացնել ֆինանսական կարգապահությունը: Հովիկ Աբրահամյանը, կարևորելով պետբյուջեի ապահովման խնդիրները, նշեց, որ հարկային ստուգումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության բացահայտման դեպքերում: Կառավարության ղեկավարը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին վերանայել ռիսկայնության չափանիշները՝ նպատակ ունենալով նվազեցնելու ստուգումների քանակը: «Այս որոշումը կարևոր քայլ է, որով մենք կաջակցենք մեր տնտեսության ակտիվացմանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետը, ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը, այնուհետև տեսչությունների թվաքանակի կրճատումը և դրանց արմատական վերափոխումը` hանձնարարել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել մինչև 2015 թվականի ավարտն ստուգումների կասեցման հնարավորությունը և կառավարության հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am