Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շոգ եղանակով պայմանավորված` սպասարկող ծառայությունները կաշխատեն հատուկ ռեժիմով

Շոգ եղանակով պայմանավորված` սպասարկող ծառայությունները կաշխատեն  հատուկ 
ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որևէ թերացում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևան Ջուր» ընկերությանը, մասնավորապես, հանձնարարվել է խստագույնս հետևել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որևէ շեղում: Հանձնարարվել է նաև ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը:

«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ին հանձնարարվել է մեկ անգամ ևս ստուգել ընկերության ենթակայությամբ գործող ջրային կառույցների, ավազանների մաքրությունն ու ապահովել դրանց անխափան աշխատանքը:

Կանաչապատման ձեռնարկություններին և համապատասխան մյուս ծառայություններին հանձնարարվել է կանաչ տարածքներում ապահովել խոտհնձի և չոր խոտի հեռացման աշխատանքները, ինչպես նաև խստագույնս հետևել ոռոգման համակարգի անխափան աշխատանքին՝ ապահովելով կանաչ և ծաղկապատ տարածքների ամենօրյա ոռոգումը: Մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ դեռևս բացակայում է ոռոգման ցանցը, հանձնարարվել է ավելի մեծ պարբերականությամբ կազմակերպել ջրցան մեքենաներով ոռոգման աշխատանքները:

Աղբահանության և սանմաքրման կազմակերպություններին հանձնարարվել է ապահովել բազմաբնակարան շենքերի աղբախցերից և փողոցներում տեղադրված աղբարկղերից աղբի ժամանակին տեղափոխումը՝ բացառելով կենցաղային աղբի կուտակումը:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա օրերին հատուկ աշխատանքային ժամանակացույցով կաշխատեն նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության Երևանի փրկարարական ծառայության, շտապբուժօգնության և բնակչության սպասարկման մյուս ծառայությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am