Բելգիայում Հայոց ցեղասպանության բանաձի ընդունումից հետո չուշացավ Թուրքիայի արձագանքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Անկարայի արձագանքը սպասեցնել չի տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ արդեն ավանդական դարձած արտահայտություններով մեղադրելով Բելգիային «պատմական ճշմարտությունները խեղաթյուրելու», Թուրքիային «անհիմն մեղադրելու» մեջ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից դիմել են իրենց հատուկ շանտաժի քաղաքականությանը` սպառնալով, թե բանաձևը կարող է բացասական ազդել թուրք-բելգիական երկկողմ հարաբերությունների վրա:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 23-ին 124 կողմ և 8 ձեռնպահձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ասելով. «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»: