Բանկային կեղծ քարտերով հափշտակություններ իրականացրած Ռումինիայի քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներից կազմված խումբը, մայիսի 14-ին Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթով Երևան տեղափոխեց 2009 թվականին ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզվող Մարիոս Լյուպուին։ Նրա հայտնաբերման մասին Մադրիդից հաղորդումը ստացվել էր անցած տարվա սեպտեմբերին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ռումինիայի քաղաքացի Մարիոս Լյուպուն 2008 թվականին Ռումինիայի քաղաքացիների հետ կազմակերպել էր կայուն հանցավոր խումբ։ 2009 թվականի օգոստոսին խումբը ժամանել էր Հայաստան և բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով իրականացրել հափշտակություններ։ Հանցագործությունը բացահայտվել էր, բայց մեղադրյալներին հաջողվել էր լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։
2009 թվականին նրանց նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: 2009 թվականի ապրիլին հանցավոր խմբի անդամ Ադի Բլագան հայտնաբերվել էր Շտուտգարտի օդանավակայանում և ձերբակալվել. 2011 թվականի հունվարին նա տեղափոխվել էր Հայաստան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում