Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂՀ պաշտպանության նոր նախարարը Լեւոն Մնացականյանն է

ԼՂՀ պաշտպանության նոր նախարարը Լեւոն Մնացականյանն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանության նախարարություն եւ բանակի հրամանատարական կազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լեւոն Մնացականյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին իրականացրած ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների:

Բակո Սահակյանը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում:

Խոսելով նորանշանակ նախարարի մասին` երկրի ղեկավարը նշել է, որ Լեւոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն եւ հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսեւորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում:

Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաեւ որպես պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման եւ դրա մարտունակության շարունակական բարձրացմանը: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նաեւ տեղեկացրել են, որ  Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր` գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պարգեւատրվել է  «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am