Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նախարարությունը կառավարությանն առաջարկելու է լիցենզավորել կրկնուսույցների գործունեությունը

Նախարարությունը կառավարությանն առաջարկելու է լիցենզավորել 
կրկնուսույցների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է լիցենզավորել կրկնուսույցների գործունեությունը: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծեց, որ նախագիծը կներկայացվի կառավարության աշխատակազմ՝ քննարկման:

«Նախագիծը հետևյալն է՝ կրկնուսույցների գործունեությունն առաջարկելու ենք լիցենզավորել: Ու խնդիրն առաջին հերթին նրանց հարկային դաշտ բերելը չէ: Թեպետ, դա էլ է խնդիր, որովհետև մոտավորապես 25-30 միլիոն դոլարի ստվերային շրջանառություն կա: Իմ խնդիրը հարկայինը չէ: Իմ խնդիրը՝ որպես կրթության և գիտության լիազոր մարմնի ղեկավար, հետևյալն է. մեր երեխաներն առավոտյան, երեկոյան, ցերեկը գնում են քաղաքի մի ծայրից մյուսն ինչ-որ մարդկանց տներ՝ ինչ-որ պայմաններում ինչ-որ բան անելու: Լիցենզավորման իմաստն է՝ ֆիքսել, թե որ ժամից կարող է աշխատել կրկնուսույցը, որ նա չկարողանա ոչ առավոտյան, ոչ էլ գիշերվա կեսին կանչել աշակերտին: Դեպքը մեկ անգամ է լինում: Ակնհայտ է, որ այդ երեխաների անվտանգության խնդիր կա: 10 հոգով կարելի՞ է մի սենյակ խցկվել»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նկատեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը վստահ է՝ չի կարելի երեխաներին պարապելու կանչել դասերի հաշվին: «Չի կարելի երեխաներին անհասկանալի միջավայրում կրթություն տալ: Չի կարելի մինչև վերջին հոգուն վերցնել, 10-12 հոգով պարապել: Ես էլ եմ պարապել՝ հայոց լեզու, քիմիա, կենսաբանություն: Մեր խմբերում 5-6 հոգի էին, մեր դասախոսներն իրենց թույլ չէին տա մեզ կանչել առավոտյան՝ դասի հաշվին»,- շեշտեց նա:

Նախարարի խոսքով՝ ինքը բազմաթիվ դեպքեր գիտի, որ երիտասարդներն ափսոսում են, որ պարապել են, քանի որ «շտեմարանային մեխանիզմի» պարագայում երեխան կարող է սովորել և լավ գնահատական ստանալ ինքնուրույն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am