Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավիթ Բաբայանը Ռիգայում Ադրբեջանի պահվածքը միջազգային հանրության թողտվության արդյունք է համարում

Դավիթ Բաբայանը Ռիգայում Ադրբեջանի պահվածքը միջազգային հանրության 
թողտվության արդյունք է  համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հարթակներում Ադրբեջանի խայտառակ պահվածքը նորություն չէ քաղաքակիրթ  միջազգային հանրության համար: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համատեղ հռչակագիրը՝  «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Ադրբեջանի նման պահվածքն ինչ-որ տեղ արդյունք է նաև միջազգային հանրության իներտ և մեղմ վերաբերմունքի այդ երկրի նկատմամբ: «Ես կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է, և այդ պետությունն այդպես էլ պետք է իրեն պահեր: Այստեղ որևէ նորություն չկա:  Ավելին, ես կասեմ, որ այստեղ ինչ-որ տեղ միջազգային քաղաքակիրթ հանրության մեղքի չափաբաժինն էլ կա, որովհետև չափազանց անհիմն հանդուրժողականություն են ցուցաբերում այդ պետության հանդեպ: Եթե Եվրոպական առաջին խաղերն անցկացվում են մի պետությունում, որը ոչ միայն աշխարհագրորեն Եվրոպայի մաս չի կազմում, այլ նաև այդ նույն եվրոպական արժեքների դեմ քաղաքականություն է իրականացնում, ոտնահարում է այդ արժեքները, իհարկե, իրեն այդպես էլ պետք է պահի այդ պետությունը: Դեռ մի բան էլ նման պահվածքը քիչ է այդ համատեքստում»,- ընդգծեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նման պահվածքը արդյունք է այդ երկրի նկատմամբ միջազգային հանրության իներտ պահվածքի: «Միջազգային հանրությունը պետք է ավելի լուրջ վերաբերվի այն ամենին, ինչ մենք ասում ենք արդեն տարիներ շարունակ: Իսկ մենք ասում ենք, որ Ադրբեջանը ֆաշիստական պետություն է դարձել, որը խոչընդոտում է ցանկացած նորմալ քաղաքական երկխոսություն և լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլ ընդհանրապես քաղաքակիրթ հանրության համար»,- նշեց Բաբայանը:

Արցախի Հանրապետության Նախագահի խոսնակը ակնկալիքներ չունի, որ Ադրբեջանի նման պահվածքից հետո միջազգային հանրությունը կսկսի ավելի կոշտ դիրքորոշում դրսևորել  այդ երկրի նկատմամբ: «Ես կարծում եմ, որ ավելի շատ մեզ համար պետք է պարզ լինի, թե ում հետ գործ ունենք: Երբ այդ պետությունը դեմ է գնում այնպիսի ձևաչափերի, որոնք ընդունված են ամբողջ աշխարհի համար, և իրենց մեջ որևէ վտանգ չեն պարունակում, պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե այդ պետությունը լուրջ լծակ ստանա Հայաստանի կամ Արցախի վրա ազդելու համար: Եթե միջազգային հանրությունը կարող է իրեն թույլ տալ հանդուրժող լինել, մենք չենք կարող դա թույլ տալ, որովհետև նման ագրեսորի նկատմամբ լռակյաց վերաբերմունքը կարող է մեզ համար լուրջ հետևանքներ ունենալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանը բարդություններ է առաջացրել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ՝ հրաժարվելով ստորագրել համատեղ հռչակագիրը: Այս մասին գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսում նշել է նաև Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկըˋ հավելելով, որ նման խնդրի առաջացումը կանխատեսելի էր իրենց համար: ԵԽ նախագահը ստիպված է եղել զանգահարել Իլհամ Ալիևին՝ բանակցելու համար: Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ևս հայտնել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել համատեղ հռչակագիրը: Շուլցը հայտարարել է, որ չի կարող ասել, թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել հռչակագիրը, և քննարկումները շարունակվում են: Ինչպես հայտնել է tert.am-ը՝ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել հռչակագիրը ՝ դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումների պատճառով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am