Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Փերինչեքի գործով դատավարությանն առաջին անգամ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվեց իրավական հարթության մեջ. Գևորգ Կոստանյան

Փերինչեքի գործով դատավարությանն առաջին անգամ Հայոց ցեղասպանության 
հարցը քննարկվեց իրավական հարթության մեջ. Գևորգ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննությունը կարևորում է այն առումով, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել է իրավական հարթության մեջ: Ազգային ժողովում, պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, նշեց, որ մինչ այդ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային իրավական հարթության մեջ քննարկման առարկա չի դարձել: «Եվ հենց այդ հարցն է, որ մեզ համար հատուկ կարևորություն ունի, նկատի ունենալով, որ վիճարկվում է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը, թեև ունի որոշակի միջազգային հանրային ճանաչում, չի կարող համադրվել Հոլոքոստի հետ, քանի որ Հոլոքոստը Նյուրնբերգյան դատավարության արդյունքում արդեն իրավաբանորեն ճանաչված փաստ է: Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության հարցը Եվրոպական դատարանում քննարկման առարկա է դարձել բացասական իմաստով, ինչը անհրաժեշտություն առաջացրեց, որ մենք միջամտենք տվյալ գործի քննությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը:

Նա հիշեցրեց, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության առաջին փուլին Հայաստանը չի մասնակցել: «Որովհետև այդ փուլում մենք դեռևս չունեինք ձևակերպումներն ու իրավական գնահատականները, և միայն նրանից հետո, երբ ունեցանք պալատի որոշումը, հասկացանք, որ մեր միջամտությունն այլընտրանք չունի: Այսինքն` մեր խնդիրն էր բացառել իրավական որևէ փաստաթղթի առկայություն, որտեղ Հայոց ցեղասպանությունը քննարկված կլինի բացասական իմաստով: Եվ դրա համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը. Հիշեցնեմ, որ մենք դիմել ենք միջազգային հեղինակավոր իրավապաշտպանների, ովքեր ներառվեցին Հայաստանի շահերի պաշտպանության հարցում»,- ասաց Կոստանյանը:

Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ իրենք Եվրոպական դատարանին ներկայացրել են այն փաստերը, որոնք կոնվենցիայի իմաստով հայերի ջարդերը որակում էին որպես ցեղասպանություն: «Այսինքն, մենք ներկայացրեցինք նաև իրավական այն բոլոր հիմքերը, որոնք մեզ հիմք տվեցին պնդել մեր դիրքորոշումը, որ մենք ունենք իրավաբանորեն ցեղասպանության փաստ: Մեր խնդիրն այն էր, որպեսզի Եվրոպական դատարանը, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունները, որոնք օժտված չեն համապատասխան մանդատով այս կամ այն կոտորածները ցեղասպանություն որակելու կամ չորակելու մանդատով, ձեռնպահ մնան նման հայտարարություններից: Եվ մենք իրավական տեսանկյունից ներկայացրել ենք, որ մենք 1915թ. ցեղասպանության ենք ենթարկվել: Մենք առաջին անգամ ներկայացրեցինք իրավական փաստեր»,- ասաց Կոստանյանը:

ՀՀ գլխավոր դատախազն այս տեսանկյունից կարևորեց նաև Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի անցկացումը, որի ընթացքում Հռոմի պապը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները որակեց որպես ցեղասպանություն: «Ես կարծում եմ, որ այդ իրադարձությունը կարևոր էր ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլ այն կարող է հանգեցնել իրավական լուրջ հետևանքների: Ես կարծում եմ, որ այս փաստը չի կարող վրիպել նաև Եվրոպական դատարանի ուշադրությունից»,- ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը:

Գևորգ Կոստանյանը նաև հայտնեց, որ ակնկալվում է, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը կլինի առաջիկա 6 ամիսների ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am