Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանը ՀԱՀ-ին առաջարկում է համագարծակցություն ոսկերչության ոլորտում

Հայաստանը ՀԱՀ-ին առաջարկում է համագարծակցություն ոսկերչության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնին: Ողջունելով հյուրին՝ Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է աֆրիկյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետության հետ գործակցությունը, և այն Հայաստանի համար անվանել է հեռանկարային` հաշվի առնելով, որ ՀԱՀ-ն առևտրային ռեժիմների, օրենսդրության և գործարարներին առաջարկվող պայմանների տեսանկյունից աֆրիկյան ամենաազատական երկրներից է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության և սփյուռքի հնարավորությունների մասին: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու քաղաքականությունը, ընդգծել մեր երկրում մարդկային ներուժի հնարավորությունները: Նշելով, որ Հայաստանում զարգացում են ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, զբոսաշրջությունը, Կարեն Ճշմարիտյանը հավելել է, որ նշված բնագավառներում հնարավոր է ծավալել երկկողմ համագործակցություն: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ նա առանձնացրել է ոսկերչության բնագավառը` շեշտելով, սակայն, որ հարկավոր է ուսումնասիրել համագործակցության այլ ուղղություններ ևս: 

Դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին հակիրճ ներկայացրել է ՀԱՀ-ի ընդհանուր տնտեսական պատկերը, առևտրային քաղաքականության հիմնական ուղղությունները: Նա նշել է, որ ՀԱՀ-ը ԵՄ-ի հետ ունի ազատ առևտրի ռեժիմ, նաև Աֆրիկյան երկրների մաքսային միության անդամ է, ներկայացված է աշխարհի խոշոր շուկաներում (ԱՄՆ, Չինաստան, ԵՄ) և ներկայումս ցանկանում է ընդլայնվել ԱՊՀ շուկայում: Դեսպանի խոսքով՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայումս մեծ և արագ աճող շուկա է, ունի զարգացած հանքարդյունաբերություն, ոսկերչություն և գինեգործություն, լավ   զարգացած ենթակառուցվածքներ:

Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու և զարգացնելու համար դեսպանը կարևորել է գործարարների միջև ուղղակի շփումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու փոխադարձ գործարար այցելություններ կազմակերպելու հարցում: 

Որպես համագործակցության սկիզբ՝ Կարեն Ճշմարիտյանն առաջարկել է ՀԱՀ-ի գործարարների համար կազմակերպել Հայաստանի տնտեսության վերաբերյալ շնորհանդես, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել երկկողմ համագործակցության վերաբերյալ միջկառավարական կամ միջգերատեսչական մակարդակով համաձայնագրի պատրաստման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am