Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռումինիայի կրթության նախարարը հետաքրքրված է դպրոցներում «Շախմատ»-ի ներդրման հայաստանյան փորձով

Ռումինիայի կրթության նախարարը հետաքրքրված է դպրոցներում «Շախմատ»-ի
ներդրման հայաստանյան փորձով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 14-15-ը կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մայիսի 13-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով իր գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը երեք տարի առաջ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետն ընդունել է Ռումինիայից և ռումինական փորձը  օգտակար  է եղել Հայաստանի համար:

Արմեն Աշոտյանն իր խոսքում կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես, ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների և աստվածաբանության ոլորտում միջբուհական և գիտական համագործակցության ծրագրերի ընդլայնումը: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը, և Տրանսիլվանիայում առկա է հսկայածավալ մշակութային ժառանգություն, որն այսօր գիտական հետազոտությունների կարիք ունի: Նախարարը նաև շնորհակալությունն է հայտնել Ռումինիայի կառավարությանը` Բուխարեստի համալսարանում հայագիտության ամբիոնի վերականգնման և հայերենի դասավանդմանն աջակցելու համար: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ռումինիայի միջև գործող միջպետական կրթական համագործակցությանը, որի շրջանակում իրականացվող կրթաթոշակային փոխանակման ծրագրերը պահանջված են հայ ուսանողների կողմից: Արմեն Աշոտյանը կարևորել է նաև միջբուհական կապերի ակտիվ զարգացումը, որի համար կա կուտակված բավրարար և հաջողված փորձ:

Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար`  նշելով, որ իր համար մեծ պատիվ է գտնվել հինավուրց մշակույթ և պատմություն ունեցող Հայաստանում:  Ռումինիայի նախարարը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի  ներդրման վերաբերյալ: Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել հայկական փորձը տրամադրել բոլոր հետաքրքրվող երկրներին: Միաժամանակ, կողմերն ընդգծել են համատեղ գիտահետազոտական նախագծերի իրագործման անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am