Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն աղետյալ Նեպալին իր օգնությունն ավելացրել է մինչեւ 26 մլն դոլար

ԱՄՆ-ն աղետյալ Նեպալին իր օգնությունն ավելացրել է մինչեւ 26 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ավերիչ երկրաշարժիչ տուժած Նեպալին ցույց տրվող իր օգնությունն ավելացրել է մինչեւ 26 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:

«ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնակատար Ալֆոնսո Լենարտը մայիսի 5-ին ավարտել է իր այցը Նեպալ՝ հայտարարելով Նեպալին լրացուցիչ 11 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին՝ երկրաշարժից հետո երկիրը վերականգնելու համար: Այդպիսով, այդ պետությանն ԱՄՆ-ի միագումար օգնությունը հասել է 26 մլն դոլարի»,- նշել է նա:

Լենարտը եւ Նեպալի վարչապետ Սուշիլ Կոիրալան քննարկել են, մասնավորապես, «աղետի հետեւանքները վերացնելու համար ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օգտագործման հնարավորությունը»: Ռատկեն նաեւ ընդգծել է, որ հանրապետության տարածքում շարունակում են աշխատել ամերիկացի փրկարարներն ու զինվորականները:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը լրացուցիչ 16,6 մլն եվրո Է հատկացրել Նեպալում երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու համար: ԵԽ-ն ընդգծել Է, որ հանրակցությունն արդեն 22,6 մլն եվրո Է հատկացրել Նեպալին: Եվրահանձնաժողովը նաեւ նշել Է, որ երկրաշարժից Նեպալի կրած վնասի ամբողջական գնահատումից հետո Եվրամիությունը կքննարկի երկրին հետագա օգնության հնարավորությունը: «Մենք կօգնենք այնքան, որքան հարկավոր կլինի»,- ասել Է մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերով եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Ըստ վերջին տվյալների՝ Նեպալում ավերիչ երկրաշարժից զոհվածների թիվն անցել Է 7,5 հազարից, տուժել Է 14 հազար 536 մարդ: 7,9 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի 25-ին տեղի է ունեցել Նեպալի արեւմտյան տարածաշրջանում՝ մայրաքաղաք Կատմանդուից 84 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են 3,2-ից մինչեւ 6,9 մագնիտուդով շուրջ 90 հետցնցումներ: Նեպալի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավերվել է 191 հազար բնակելի շենք, վնասվել է եւս ավելի քան 175 հազար շինություն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am