Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Genealogy» խմբի անդամներն ամեն ինչ անում են «Եվրատեսիլ-2015»-ում հավուր պատշաճի հանդես գալու համար

«Genealogy» խմբի անդամներն ամեն ինչ անում են «Եվրատեսիլ-2015»-ում հավուր 
պատշաճի հանդես գալու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հույս ունի հաղթել երգի միջազգային մրցույթում: Թիմի անդամները փաստում են՝ ուրախ են լինել «Genealogy»-ի անդամ: Այս օրերին «Genealogy»-ի անդամներն ամեն ինչ անում են՝ մրցույթում հավուր պատշաճի հանդես գալու համար:  Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան, Վահե Թիլբյան, Ստեֆանի Թոփալյան, Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան, Ինգա Արշակյան. հաշված օրեր անց հենց նրանք են հանդես գալու ավստրիական բեմում՝ կատարելով «Face The Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մրցույթին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում ապրիլի 27-ին նշեց, որ հինգ մայրցամաքների ներկայացուցիչներից բաղկացած թիմը շատ օրիգինալ է:

«Թիմը միասնության խորհրդանիշ է: Նրանց տարբեր միջոցներով ենք փնտրել՝ ընկերների, ծանոթների և համացանցի միջոցով: Եսայիին ճանաչում էինք մի քանի տարի առաջվանից, նրա մասին գիտեինք: Թամարի մասին լսել էինք. մի ժամանակ  երկրպագուները էջ էին բացել «Թամար Կապրելյանը Եվրատեսիլում» վերնագրով: Մերի-Ջինի ընտրության համար շնորհակալ ենք նրա ուսուցիչ Արաքս Մանսուրյանին , իսկ Վահեին գտել եմ համացանցով: Այնքան փնտրեցի, որ Վահեին և Ստեֆանիին գտա: Ինձ համար զավեշտալի էր, որ ճապոնահայ երգչուհի կա, որի մասին չգիտեին Հայաստանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գոհար Գասպարյանը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի խոսքով՝ երբ հավաքվեց թիմը, նախաձեռնության հեղինակները մտածում էին՝ ում ընտրել Հայաստանից:

«Մեր ընտրությունը կանգ առավ Ինգա Արշակյանի վրա: Նա հայկական մշակույթի կրողն է, սփյուռքում հայտնի է հայեցի կատարումներով, և հասկացանք, որ հենց նա է այն մարդը, ով համախմբելու է բոլորին»,-հավելեց Գոհար Գասպարյանը: Նրա խոսքով՝ գաղափարի հեղինակները  ոգեշչնվել են Անմոռուկի գաղափարով և Եվրատեսիլի «Կառուցել կամուրջներ» խորագրով:

«Մենք կարծես կառուցել ենք կամուրջներ թերթիկների միջև: Կամուրջները կազմում են ամբողջական գաղափարը: Երգը բազմիմաստ է, յուրաքանչյուրը կարող է գտնել իր իմաստն այս երգում»,-հավելեց նա:

Գոհար Գասպարյանի խոսքով ՝ եվրատեսիլյան բեմում ավելի թվային, մինիմալիստական, հայկական շնչով բեմադրություն է լինելու, և երգիչները հիմնականում կենտրոնանալու են ասելիքի վրա:

«Genealogy»-ի անդամ Եսայի Ալթունյանը տեղեկացրեց, որ իրեն մի քանի անգամ հրավիրել են մասնակցելու «Եվրատեսիլ»-ին և ներկայացնելու Ֆրանսիան, սակայն հենց Գոհար Գասպարյանի մասնակցության հրավերն է ընդունել:

«Սա ինձ համար նոր ճամփորդության սկիզբ էր: Ինձ համար շատ կարևոր էր գաղափարը, հատկապես այս տարի, քանի որ այս տարին շատ կարևոր է: Ես հպարտ եմ ներկայացնելու իմ երկիրը: Մենք բեմում վեց հոգով չենք, մենք տաս միլիոն ենք»,-նշեց Եսայի Ալթունյանը:

Թամար Կապրելյանն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել մրցույթին:

«Մայրիկիս և հայրիկիս հետ միշտ Եվրատեսիլի մասին էինք խոսում, իսկ ABBA-ն, ով ներկայացել է մրցույթում, իմ ամենասիրած խումբն էր»,-նշեց նա:

Ինգա Արշակյանն էլ հավելեց, որ առաջինն իրենց համար հաղթանակն է ու տպավորիչ ելույթ ունենալը: «Չեմ կարող արտահայտել իմ հուզմունքը և ոգևորությունը, երբ առաջարկը հնչեց, չէի կարող հրաժարվել այդ պատվից: Ամեն ինչ կանեմ, որպես փոքր-ինչ փորձառու, որ խոչընդոտներն ավելի հեշտ անցնենք»,-ընդգծեց Ինգա Արշակյանը:

Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն էլ հավելեց, որ սկզբում մտածել է, թե օպերային մրցույթի է մասնակցում, և շնորհակալ է իր ուսուցիչ Արաքս Մանսուրյանին իր անունը տալու համար:

Վահե Թիլբյանը նշեց, որ սկզբում կարծել է, թե մասնակցության հրավերը կատակ է կամ էլ spam նամակ, սակայն հետո ստացել է պատասխանը և ուրախ է մասնակցել «Եվրատեսիլ-2015»-ին:

Ստեֆանի Թոփալյանն էլ հավելեց, որ միշտ ցանկացել է գործունեություն ծավալել ոչ միայն Ճապոնիայում, այլև աշխարհում: «Հայաստանը եղել է այն երկիրը, որտեղ ցանկացել եմ այցելել»-նշեց նա:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am