Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հրանտ Դինքը կենդանի լիներ՝ Թուրքիան ավելի առաջադեմ կլիներ. Ջեմ Օզդեմիր

Հրանտ Դինքը կենդանի լիներ՝ Թուրքիան ավելի առաջադեմ կլիներ. Ջեմ Օզդեմիր

ԲԵՌԼԻՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագի ապրիլի 24-ի լիագումար նիստում իր երկրի կառավարությանը և Թուրքիային կոչ արեց 1915 թվականի դեպքերը վերջապես կոչել իր անունով:  «Արմենպրես»-ի  փոխանցմամբˋ պատգամավորը նախ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկին` «ցեղասպանություն» բառի արտաբերման համար, ապա կոչ արեց իր կառավարությանը նույնն անել:

Օզդեմիրը հայտնեց, որ այս տարվա մարտին եղել է Հայաստանում, հանդիպել երկրի քաղաքական գործիչներին և առաջադեմ հասարակությանը: Նրա խոսքովˋ Հայաստանում ոչ ոք չի հասկանում, թե ինչու այս սոսկալի իրադարձությունները դատապարտելու և կանխելու համար չեն օգտագործվում իրական միջոցներ:

«Ես չերքեզական ծագում ունեմ, իմ նախնիներն էլ են խոսում Հայոց ցեղասպանության մասին, վկայում դրա մասին: Կոչ եմ անում այսօր վերջապես ամեն ինչ կոչել իր անունով: Սա Թուրքիայի համար էլ է կարևոր: Վստահ եմ` եթե Հրանտ Դինքը կենդանի լիներ, Թուրքիան այսօր ավելի առաջադեմ երկիր կլիներ, Կոմիտասը կենդանի լիներ, մի նոտա ավելի կլիներ համաշխարհային երգարվեստում: Շատերն իրենց ներդրումն ունեցան ճանաչման գործում: Թուրքիայում երեխաները չպետք է մարդասպան փաշաներին ճանաչեն որպես հերոս: Նրանց պետք է սովորեցնել, որ նման բան այլեւս չկրկնվի»,- ասաց քաղաքական գործիչը: Նրա խոսքովˋ իրենց կուսակցության բարեկամական խորհուրդն է Թուրքիայինˋ բացել հայ-թուրքական սահմանները, ինչպես ժամանակին բացվեց գերմանա-լեհական սահմանը:

«Դա առաջին հերթին թուրքերի համար է օգտակար: Մենք պատմության մութ հետքերին ենք առնչվում, մենք պետք է ներղություն խնդրենք: Ապագա սերունդները Հայաստանում եւ Թուրքիայում պետք է իրենց բարեկամությունը կերտեն այսօր ընդունված բանաձևի հիման վրա»,-  ընդգծեց նա:

Նշենք, որ Բունդեսթագի` ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերջնական քննարկումը հետաձգել մինրև ապրիլի 30-ը: Նիստում հնչել է 9 ելույթ, որոնցից 7-ում պատգամավորները ցեղասպանություն էին անվանում 20-րդ դարասկբին Օսմանյան Թուրքիայի կողմերից հայերի, հույների և ասորիների բնաջնջումը: 

Նախատեսված մեկ ժամի փոխարեն քննարկումները տևել են շուրջ 2 ժամ: Թեմայի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել իշխող կոալիցիոն կուսակցական եռյակը, ձախերն ու կանաչները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության զեկույցը ներկայացրել է պատգամավոր Գեմոթ Էրվերը, իսկ Քրիստոնյա-դեմոկրատներ/Քրիստոնյա սոցիալ-դեմոկրատներինը՝ Քրիստոֆ Բերգները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am