Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է. Շառլ Ազնավուր

Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է. Շառլ Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը բարձր է գնահատել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ գործած ամենասոսկալի ոճիրներից էր: Այս մասին երգիչը հայտարարել է լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պոզների պաշտոնական՝ pozneronline.ru կայքը տեղեկացնում է, որ հարցազրույցը տեղի է ունեցել ապրիլի 20-ին:

«Հռոմի պապն այն եզակի մարդկանցից է, որ ասում է ճշմարտությունն ու պաշտպանում այն` անկախ ամեն ինչից, չվախենալով ոչնչից, առանց վախի և նախատինքի»,-հայտարարել է Ազնավուրը:

«Ես ապրում եմ նորմալ կյանքով, ես լավատես եմ: Ես ոչ մի բանի մասին հոգ չեմ տանում: Ես չգիտեմ՝ հավատո՞ւմ եմ Աստծուն, թե՞ ոչ, բայց մտածում եմ, որ նա, ում համարում են Աստված, կարող է մեզ տալ անհրաժեշտը»,- «Պոզներ» հաղորդման ժամանակ ասել է շանսոնյեն: Նա խոստովանել է, որ դիետա չի պահում: «Պետք չէ ուտել աղ, շաքար, յուղոտ բաներ…Ես այդ ամենն ուտում եմ»,-նշել է նա:

Երգիչը նաև հայտարարել է, որ սպորտով չի զբաղվում, բայց միշտ աշխատում է մեջքն ուղիղ պահել, որպեսզի միշտ տպավորություն ստեղծի, որ ամեն ինչ լավ է:

Ազնավուրը խոստովանել է, որ չգիտի, թե որտեղից է ուժեր ստանում: «Ես պարզապես անհաջողակ չեմ, մարդիկ կան, որ անհաջողակ են ծննդյան օրվանից, իսկ ես դրա հակառակն եմ»,-հավելել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ կասկածող մարդ է, սակայն դա չի բարդացնում իր կյանքը:

Շառլ Ազնավուրը նշել է, որ ապրիլի 24-ին անպայման ժամանելու է Երևան, որպեսզի մասնակցի ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

«Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է»,- ասել է Ազնավուրը: 

Երգչի կարծիքով ՝ թուրքերը հրաժարվում են ընդունել Ցեղասպանությունը երկու պատճառով:

«Նրանք չեն կարող դա ընդունել որպես փաստ, որովհետև նրանց կարևոր բառը պատիվն է: Եվ դա հնարավոր է հասկանալ: Բայց մեկ այլ բան էլ  կա՝ մարդիկ բավականին հարստացել են հայերի ունեցվածքի հաշվին»,-նշել է երգիչը:

Միևնույն ժամանակ, Շառլ Ազնավուրը ատելություն չի զգում թուրքերի նկատմամբ, այդպես նրան դաստիարակել է մայրը, ով ցեղասպանության հետևանքով կորցրել է իր ընտանիքը: «Մորս մոտ չկար թուրքերին ատելու զգացողություն: Նա միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան»,-հավելել է նա:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում: 

 Հարցազրույցն ամբողջությամբ՝


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am