Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների խնդիրները

Քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ընթացքում 
ոստիկանության ստորաբաժանումների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ապրիլի 18-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման պլանը և ստորաբաժանումների խնդիրները:

Վլադիմիր Գասպարյանն առանձին-առանձին անդրադարձել է աշխատանքի բոլոր ոլորտներին՝ կարևորելով, մասնավորապես, բացատրական աշխատանքը սպասարկման բնագավառի աշխատողների, հասարակական տրանսպորտի և տաքսի ծառայությունների վարորդների, բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով հասարակության աջակցությունը բոլորիս համար պատասխանատու այս օրերին աշխարհին իսկապես հայ ու հայեցի ներկայանալու համար:

Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է անել առավելագույնը երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ, իրականացնել անթերի ցերեկային և գիշերային ծառայություն, առկա տեխնիկական միջոցներով և ոստիկանի պրոֆեսիոնալ պատրաստականությամբ ապահովել քաղաքացիների անվտանգությունը զանգվածային միջոցառումների ժամանակ, կարգավորել ժողովրդի հոսքը Մայր աթոռի տարածքում և դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անհրաժեշտ աշխատանք տանել համայնքներում, ձեռնարկել բոլոր միջոցները անցանկալի դեպքերից և արտակարգ իրավիճակներից զերծ մնալու համար:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին հրահանգել է առանձնակի ուշադիր լինել արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների,  վերակարգերի, ճանապարհային ոստիկանության պարեկախմբերի մասնագիտական պատրաստականությանը, արտաքին տեսքին, նրանց անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ապահովելու և բազմաթիվ այլ խնդիրների, որոնց լուծմամբ է պայմանավորված ոստիկանության միջոցառումների պլանով նախատեսված գործողությունների անխափան իրականացումը:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ առաջիկա օրերին ոստիկանությունում գործելու է համակարգող շտաբ, որը կվերահսկի աշխատանքի բոլոր ուղղությունները և կապահովի ստորաբաժանումների հստակ փոխգործակցություն, ինչը ոստիկանությանն առաջադրված խնդիրների իրականացման գրավականն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am