Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի կարող խոչընդոտել ԵՄ-ի հետ համագործակցությանը. Արտակ Զաքարյան

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի կարող խոչընդոտել ԵՄ-ի հետ 
համագործակցությանը. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Վիլնյուսից հետո դառնում է այն կարևոր հարթակը, որտեղ ամփոփվելու են նախորդ գագաթնաժողովից հետո Արևելյան գործընկերության երկրների համար սահմանված հետագա համագործակցության ուղիները և դրա տեսլականը: Այս մասին «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ցավոք, Արևելյան գործընկերությունը ներկայումս բարդ ժամանակներ է ապրում և հեշտ չի լինելու արդյունավետ և բազմակողմանի լուծումներ գտնել համագործակցությունը շարունակելու համար: Դրա համար լիովին հասկանալի է Եվրամիության անդամ երկրների, շահագրգիռ բոլոր կողմերի զգուշավոր մոտեցումն այս հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զաքարյանը:

Արևելյան գործընկերության երկրների համար տարբեր առաջարկներ են ստեղծվել և, հետևաբար, տարբերակված մոտեցումները դարձել են օբյեկտիվ անհրաժեշտություն: «Առավել հետաքրքրական է Հայաստանի մոտեցումը, որն այս երկու տարիների ընթացքում երևի ամենաքննարկվող հարցերից մեկն էր Եվրամիության շրջանակներում: Ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկեր բոլոր երկրներում մենք լիակատար ըմբռնում ունեցանք Հայաստանի քաղաքականությունն ամբողջովին ընկալալի դարձնելու հարցում»,- ասաց Զաքարյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր բազմաթիվ հանդիպումների և ելույթների ընթացքում հաստատել է Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: «Բազմիցս է նշվել, որ Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեծապես ունենք ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգ, և այս գործընթացը լինելու է շարունակական: Մենք թևախոխել ենք Հայաստան-Եվրամիություն երկխոսության նոր փուլ, որը մեկնարկել է նախորդ տարվա նոյեմբերին: Բոլոր հնարավոր քաղաքական հարթակներում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, որոնց հիմնական նպատակն է բացահայտել, թե որ ոլորտներում է հնարավոր շարունակել համագործակցությունը՝ չհակասելով Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին: Սա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրամիության հետ որպես Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»,- նշեց  Զաքարյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Եվրոպական Միության հետ հարաբերությունները զարգացնելու գործընթացին: Զաքարյանը շեշտեց, որ Հայաստանն իր օրակարգը զերծ է պահելու հակասություններից: «Ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգում առաջնային հարցերից մեկը Հայաստան-Եվրամիություն նոր իրավական հիմքի ձևավորումն է: Չնայած նրան, որ Եվրամիություն-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի հիմքով ակտիվ համագործակցություն է ընթանում քաղաքական երխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրական և մշակույթի ոլորտներում, այնուհանդերձ, Եվրամիությունը և Հայաստանը միակարծիք են, որ կարևոր է վերանայել հարաբերությունների հիմքերը»,- ասաց պատգամավորը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ Ռիգայի գագաթնաժողովը կհղի ուղերձ առ այն, որ ԵՄ-ն հետաքրքրված է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ նոր հիմքերով համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու հարցում:

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն այսուհետ պետք է հաշվի առնի Արևելյան գործընկերության բոլոր երկրների կենսական շահերը և առանձնահատկությունները, համագործակցության հարցում նրանց պատրաստակամությունն ու հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am