Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում բացվեց ՀԽՍՀ նախկին դատախազ Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը

Երևանում բացվեց ՀԽՍՀ նախկին դատախազ Վլադիմիր Նազարյանի 
հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ Երևանի Ավետ Ավետիսյան, 23 հասցեում բացվեց  ՀԽՍՀ նախկին դատախազ Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը: Նա երկար տարիներ ապրել է վերը նշված հասցեում գտնվող շենքում:

«Մի քանի շաբաթ առաջ Գագիկ Հարությունյանի հետ քննարկեցինք այս գաղափարը, և այն կարճ ժամանակում իրականություն դարձավ: Այս փոքրիկ, համեստ նյութական արտահայտությունը մեր երախտիքի տուրքն է մեր իրավաբանական համայնքի ամենահայտնի դեմքերից մեկի նկատմամբ, մի փոքրիկ արտահայտություն է այն վերաբերմունքի, որը մենք պարտավոր ենք ցուցաբերել յուրաքանչյուր նմանատիպ դեպքերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և հավելեց, որ ցանկացած բնագավառում մենք պարտավոր ենք հիշել մեր երախտավորներին:

Նա  նշեց, որ Վլադիմիր Նազարյանը էքստրաօրդինար մարդ էր, և նրա հետ շփվող յուրաքանչյուր մարդու մեջ մնում էին չմոռացվող հիշողություններ: «Նա իրականում շատ հակասական կերպար էր. երբեմն շատ կտրուկ և անհանդուրժող էր, բայց նրա հումորի զգացումը և ինտելեկտը այնպիսի մակարդակ ունեին, որ մնացածը խամրում էր այդ ամենի առաջ»,- շեշտեց Մանուկյանը և հավելեց, որ մարդկանց մեջ Վլադիմիր Նազարյանը գնահատում էր ինտելեկտը, և երբ դիմացինի մեջ տեսնում էր դա`սկսում էր հարգել և մնացած որևէ բան նրա համար այլևս էական կշիռ չուներ: «Ես բախտ եմ ունեցել կարճ ժամանակով աշխատել Վլադիմիր Նազարյանի հետ և պետք է խոստովանեմ, որ նա այն փոքրաթիվ մարդկանցից էր, որոնց ես կարող եմ ուսուցիչ անվանել, քանի որ ես նրանից փորձ, գիտելիք և իմաստություն եմ քաղել»,-ընդգծեց Հովհաննես Մանուկյանը:

ՀՀ Սահմանդրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կարևորեց այս նախաձեռնությունը` նշելով, որ այս ուշացած քայլը համընկավ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա հետ, ինչը խորհրդանշական է: «Նա մեր ազգային այն մեծությունն է, որը  միշտ կհիշվի: Ես հաճախ եմ նկատել, որ իրավաբնական նեղ մասնագիտական ոլորտում, երբ հավաքվում են երեք- չորս իրավաբան, առնվազն խոսքի կեսից սկսում են մեջբերել Վլադիմիր Նազարյանի մտքերը և իրենց մասնագիտական ճշմարտությունը շարունակում են չափել և կշռել նազարյանական ճշմարտությամբ»,-նշեց Հարությունյանը և հավելեց, որ Վլադիմիր Նազարյանին ճանաչում է 1970-ական թվականներից և ամեն պահ զարմանում էր նրա ինքնությամբ և անձնական որակներով:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանում գործող իրավաբանական համայնքը ուղղակի առնչություն է ունեցել Վլադիմիր Նազարյանի հետ: «Ես պատիվ եմ ունեցել առնչվելու Վլադիմիր Նազարյանի հետ. նա եղել է իմ թեկնածուական ատենախոսության հիմնական ընդդիմախոսը:  Այդ կարճ ժամանակահատվածում նրա հետ ունեցած թե պրոֆեսիոնալ, թե առօրեական, մարդկային շփումները ուղղակի չեն կարող հիշարժան չլինել ցանկացած մարդու համար: Ես վստահ եմ, որ մեր  ամբողջ իրավաբանական համայնքը որպես դասականի մշտապես մեջբերելու է Վլադիմիր Նազարյանի խոսքերն ու մտքերը»,-նկատեց Կոստանյանը և հավելեց, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է այնպես ապրի, որ եկող սերունդները նման պատվի արժանացնեն մեզ:

ՀԽՍՀ նախկին դատախազ, իրավաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Նազարյանը ծնվել է 1932 թվականին Էջմիածնում: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1965 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում։ 1966-1969 թվականներին եղել է ՀՀ դատական փորձաքննությունների լաբորատորիայի տնօրեն, 1983-1988 թվականներին` ԵՊՀ պետական վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ: 1988-1990 թվականներին` ՀԽՍՀ դատախազ, 1995-2001 թվականներին` ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետ, 2001 թվականից` ՀՀ սահմանադրական դատարանի գիտական կենտրոնի խորհրդական։  

Վլադիմիր Նազարյանը մասնակցել է նաև ՀՀ սահմանադրության, քաղաքացիական և քաղաքացիական -դատավարական օրենսգրքերի նախագծերի կազմման աշխատանքներին։ 

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am