ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանում
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 14-ին ելույթ է ունեցել Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի (California State University, Northridge) քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների առջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ ներկայացուցիչն անդրադարձել է Արցախի պատմությանը, ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացների առանձնահատկություններին ու հեռանկարներին, ինչպես նաև ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլը:
Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է լսարանի հարցերին: Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարան այցելության շրջանակներում, ԼՂՀ ներկայացուցիչն առանձին հանդիպում է ունեցել նաև համալսարանի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում